Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում երաժշտական կրթությունը շատ բարձր մակարդակի վրա է: Այս մասին նշում է Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի ժյուրիի անդամ, դաշնամուրի պրոֆեսոր Վեյ Ճանը: Դաշնամուր մասնագիտությամբ անցկացվող մրցույթի ժյուրիի անդամը տպավորված է մրցույթի մասնակիցներով:
«Խաչատրյանի մրցույթի մասին իմացել եմ տարիներ առաջ: Այդ ժամանակ մրցույթը կրկին անցկացվում էր դաշնամուր մասնագիտությամբ, և դաշնակահարների մրցույթին հաղթեց մեր ուսանողներից Ցաո Պենգը: Այս տարվա մրցույթի մասնակիցների երաժշտական մակարդակը շատ բարձր է: Նրանք եկել են աշխարհի տարբեր երկրներից, աշխարհի տարբեր հայտնի կոնսերվատորիաներից, երաժշտական դպրոցներից և շատ լավ են նվագում: Շատ լավ մրցույթ է»,- նշում է Վեյ Ճանը՝ առանձնահատուկ շեշտելով, որ ուրախ է այստեղ գտնվելու համար:
Ասում է՝ Խաչատրյանի երաժշտությունը շատ գեղեցիկ է: Իր ուսանողներին սովորեցնում է հայ կոմպոզիտորների գործերից: Առանձնահատուկ շեշտում է՝ Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեմքն է, Հայաստանի խորհրդանիշը:
Վեյ Ճանն առաջին անգամ է Հայաստանում: Նշում է, որ քաղաքը շատ գեղեցիկ է, մարդիկ շատ բարի են, ջերմ:
«Շատ լավ երիտասարդ դաշնակահարների եմ լսել այստեղ, երաժշտական կրթության մակարդակը, կարծում եմ, այստեղ շատ լավն է: Ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է»,- հավելում է նա:
Նշենք, որ պրոֆեսոր Ճանը, ով չինացի երաժիշտների ասոցիացիայի անդամ է, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ և Բանգկոկի Թոնբըրի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, բազմաթիվ համերգներով հանդես է եկել մի շարք քաղաքներում՝ Մակաու, Շանհայ, Պեկին, Շենյան, Տյանցզին, ինչպես նաև Ռուսաստանում, Ավստրալիայում, Իտալիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում և Վիետնամում:
Պրոֆեսոր Վեյ Ճանը բազմիցս հրավիրվել է հանդես գալու որպես ժյուրիի անդամ մի շարք նշանակավոր դաշնամուրային մրցույթներում: Դրանց թվում են Դաշնամուրի և ջութակի ազգային 2-րդ (2011) և 3-րդ (2014) մրցույթները Պեկինում, Երիտասարդների 5-րդ Դաշնամուրային ազգային մրցույթը Սյամենում (2010), 1-ին Ազգային ակադեմիական դաշնամուրի մրցույթը Տյանցզինում (2019), 2-րդ Յամահա դաշնամուրային մրցույթը` Կոնսերվատորիայի մրցանակի համար, Պեկինում (2015), 19-րդ Հոնկոնգ-Ասիա բաց մրցույթը Հոնկոնգում (2016), 1-ին (2016), 2-րդ (2017) և 3-րդ (2018) Հուանլուն երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթները Չժանցզյանցզեում և այլն:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):