Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին: Նա նախ լսումները համեմատեց մանանեխով ճաշից հետո առաջացած տրամադրության հետ, նաև հիշեցրեց անցյալ տարվա քննարկումները` նույն թեմայով, երբ հնչում էին գրեթե նույն հիմնավորումները, բայց այդ ժամանակ չի հնչել որևէ խոսք վատ մենեջմենթի մասին:
«Ակնհայտ է, որ ՀԷՑ-ի վատ մենեջմենթի, անարդյունավետ կառավարման մասին ՀԾԿՀ-ն և կառավարությունը տեղյակ են եղել 2013-ից: Որևէ բան արվե՞լ է այդ ուղղությամբ: Թաքցնել վատ մենեջմենթը և այսօր այստեղ ասել, որ հաշվի չեն առնելու սակագնի մեջ, դա հարց մյուս կողմն է»,- ասաց պատգամավորը:
Նա հարցրեց կանխատեսելիության մասին. «Ժամանակին շատ կտրուկ բարձրացավ հոսանքի գինը` 16-ից 25 դրամով, և ամեն տարի նույն` բարձրացման խնդրի առաջ ենք կանգնում: Կա՞ որևէ երաշխիք, որ իրավիճակը փոխվելու է, որ մենք կարողանալու ենք մեր տնտեսվարողներին, քաղաքացիներին մոտավոր պատկերացում տալ, թե իրենք իրենց գործունեությունն ինչպես պետք է պլանավորեն, թե՞ ամեն տարի նույն խնդիրը պետք է ունենանք»:
Աղվան Վարդանյանին հետաքրքրում էր նաև` կա՞ հնարավորություն ազատվելու այդ անվարկունակ կազմակերպությունից, թե՞ պատանդ ենք մնալու Բիբինի ու նրա նմանների ձեռքին հետագայում էլ: «Քննարկվո՞ւմ է մոնոպոլիան բացառելու տարբերակ: Ի վերջո, ամեն տարի չպետք է ունենանք նման խնդիրներ»,- ասաց նա:
Ռոբերտ Նազարյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու նախորդ տարի չեն խոսել վատ մենեջմենթի մասին, ասաց. «Չենք ասել, որովհետև դուք չէիք հարցնում վատ մենեջմենթի մասով: Դուք ընդամենը հարցնում էիք, թե ինչու է սակագինը բարձրանում 3,85 դրամով, ես էլ դրա հիմնավորումներն էի ներկայացնում: Իսկ այսօր բոլորը խոսում են վատ մենեջմենթի մասին: Բայց խնդրում եմ` ինձ մի՛ ներքաշեք Բիբին-Նազարյան անձնական հարաբերությունների դաշտ»:
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա Ռոբերտ Նազարյանը նշեց, որ կսկսեն արդեն կիրառել պատժամիջոցներ, եթե, ՀԷՑ-ի գործունեությամբ պայմանավորված, առաջանան վնասներ: «Եթե նորից խնդիրներ առաջանան, պարտավոր ենք կասեցնել կամ լիցենզիայից զրկել: Եթե չանենք դա, կկանգնենք խնդիրների առաջ»,- ասաց նա: