Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուտով ավարտին կմոտենան ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները, իսկ աշնանը կսկսվեն նախագծի կոնկրետ դրույթների վերաբերյալ քննարկումները: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:
Նա նախագիծը վերջնական տեսքի բերելու կոնկրետ ժամկետներ չնշեց: «Աշխատանքային խումբն ավարտից հետո նախագիծը կներկայացնի արդարադատության նախարարություն, որն էլ այն կդնի շրջանառության մեջ»,- ասաց Թաթոյանը:
Հիշեցնենք, որ նախագծի մշակման աշխատանքները սկսվել էին անցյալ տարի: Նախարարի տեղակալը նշեց, որ ցանկալի կլիներ, որ մշակվող քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերը միաժամանակ ընդունվեին, քանի որ դրանք փոխկապակցված են մեկը մյուսի հետ:
Քրեական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի խոսքով՝ կարևոր է քրեական օրենսգրքի համապատասխանությունը միջազգային իրավունքին: Նա նշեց, որ քրեական օրենսգրքի նախագիծը մշակելիս օգտվել են Եվրոպայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև ԱՊՀ երկրների փորձից:
«Գործող քրեական օրենսգրքի կիրառման ընթացքում բացահայտվեցին դրանում առկա բազմաթիվ թերություններ, նաև` հայեցակարգային անճշտություններ: Դա էր պատճառը, որ մասնագետները ձեռնամուխ եղան նոր քրեական օրենսգրքի նախագծի պատրաստմանը»,- ասաց նա:
Գաբուզյանի խոսքով՝ գործող քրեական օրենսգիրքը հիմնված է միայն արարքի հայեցակարգի վրա, այսինքն՝ ինչքան մեծ վնաս պատճառվեց, այնքան պետք է խիստ լինի պատիժը, որը, կարծես, անտեսում է հանցագործություն կատարող անձին, նրա շարժառիթներն ու նպատակները: Սակայն, ըստ նրա, աշխարհի երկրների մեծ մասը զուգակցում են երկու հայեցակարգեր՝ արարքի և անձի: «Նոր քրեական օրենսգրքի նախագծում փորձել ենք այդ համամասնությունը պահպանել»,- ասաց Գաբուզյանը:
Աշխատանքային խմբի ղեկավարի խոսքով՝ կարևոր է իրավական որոշակիության, հստակության ապահովումը, ինչը գործող օրենսգրքում շատ դեպքերում ապահովված չէ:
Նա միաժամանակ արձանագրեց այն փաստը, որ որքան էլ ուզում է` լավ օրենսգիրք ունենանք, կիրառման հետ կապված խնդիրներ դեռ կան:
Արդարադատության փոխնախարարը հավաստիացրեց, որ նոր նախագծով հնարավոր է այդ խնդիրները լուծել: