կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-12 13:13
Մշակույթ

Օձունի եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին

Օձունի եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին

Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, շինարարական առումով, գրեթե անելու բան չի մնացել. մասնագետները վերջին աշխատանքներն են իրականացնում: Օձունի եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամանակից շուտ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում աշխատանքները ֆինանսավորող «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը հայտնեց, որ եկեղեցին ամբողջությամբ պատրաստ կլինի հոկտեմբերի վերջին:

 

«1500 տարվա եկեղեցին առաջին անգամ մենք հիմնավոր` իտալացի մասնագետների և հնագետների հետ խորհրդակցելով և նրանց ծառայություններից օգտվելով, վերանորոգեցինք: Հայաստանում մի քանի եկեղեցի է իտալացիների խորհրդատվությամբ վերականգնվում, առաջիններից մեկն Օձունն է, և այդ փորձը կարելի է բարեհաջող համարել»,- ասաց Շերմազանյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ եկեղեցու գմբեթին երկրաշարժի հետևանքով 5 ճաք էր առաջացել, հյուսիսարևմտյան պատին ևս երկու մեծ ճաք կար, որոնց վերանորոգումը կատարվել է Միլանի պոլիտեխնիկի դասախոսների խորհրդատվությամբ:  Առայժմ, ցավոք, բաց է մնում վանքի կամարաշարն ու կողքի մահարձան-հուշարձանը վերանորոգելու հարցը:

 

«Գարնանը պարզ կլինի` կշարունակե՞նք, թե՞ ոչ, քանի որ գումարային որոշ խնդիրներ կան»,- ասաց Շերմազանյանը: