կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 13:25
Քաղաքական

Պետք է դասեր քաղենք. նախարարը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին

Պետք է դասեր քաղենք. նախարարը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին

Այսօր լրագրողները արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը: Նախարարը պատասխանեց, որ հարցը բավական լուրջ է, և ինքը ոտքի վրա չի կարող պատասխան տալ: «Բազմաոլորտ, մի շարք հարցեր ծնող խնդիր է: Ես կարծում եմ, որ սա մի իրավիճակ է, որից պետք է դասեր քաղել: Մենք պետք է դասեր քաղենք նաև հետագայի համար»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ դասերի մասին է խոսքը, Մանուկյանը պատասխանեց. «Ընդհանրապես` և\' օրենսդրական կարգավորումների տեսանկյունից, և\' վերահսկողական ավելի արդյունավետ մեխանիզմների տեսանկյունից»:

Հարցին` արդյո՞ք վերահսկողական մեխանիզմները բավարար չեն, որ նման խնդիրների առաջ երկիրը չկանգնի, նախարարն արձագանքեց. «Իսկ դուք գտնում եք որ բավարա՞ր է: Ասում եմ` մենք պետք է դասեր քաղենք, այդ թվում` նաև վերահսկողական ավելի արդյունավետ մեխանիզմներ ունենալու համար»:

Անդրադառնալով այն հարցին, որ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ գողություն է տեղի ունեցել, սակայն այդպես էլ քրեական գործ չի հարուցվում, Մանուկյանը պատասխանեց, որ Երվանդ Զախարյանը իրավաբան չէ, չի ղեկավարում իրավական կառույց և իր ելույթներում կարող է օգտագործել տերմինոլոգիա, որը իրավաբանների տերմինոլոգիային համահունչ չէ:

«Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ուսումնասիրության առարկա դառնա կոմպետենտ մարմինների կողմից: Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, եթե ինչ-որ տեղ խախտումներ հայտաբերվեն, այդ թվում` քրեաիրավական բնութագրիչ ունեցող խախտումներ հայտնաբերվեն, վստահ եմ, որ մեր իրավապահները համապատասխան արձագանք կտան»,- եզրափակեց արդարադատության նախարարը: