Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարևոր օր է այսօր, քանի որ տարիների ստրկությունից հետո կարողացել ենք պետականություն ունենալ, և այդ պետականությունն ունեցանք, քանի որ ազգային ազատագրական պայքար ունեցանք. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նշենք, որ այսօր հարյուրավոր դաշնակցականներ այցելեցին Սարդարապատ՝ ավտոերթով, քայլերթով: Մարգարյանը տեղեկացրեց նաև, որ հատուկ այս օրվա առիթով բավական մեծ թվով դաշնակցականներ են եկել Հայաստան:
«Այս օրն իսկապես ժողովրդական օր է, և մենք ժողովրդի հետ պետք է տոնենք այս տոնը, պաշտոնականությունը մեզ անհրաժեշտ չէ: Ազգային ազատագրական պայքարի արդյունքում անկախ քաղաքական ղեկավարություն ենք ունեցել, և այս ամենի ձևավորման ակունքում ամենավատ, ողբերգական պայմանների մեջ կարողացել ենք ավերակների միջից ստեղծել անկախ պետականություն: Սա մեծ խորհուրդ ունի, այո, մենք նույնիսկ ամենադժվար պայմաններից կարող ենք դուրս գալ, եթե ինքնուրույն, անկախ պետականություն ունենանք: Ես հավատում եմ, որ այդ խորհուրդն իր դերակատարումն ունեցել է, իր հետևորդներին ստեղծել է, և մենք այսօր ժողովրդի մեջ ունենք այն կամքը, ուժը, որ, անկախ ցանկացած դասավորումից, մեր ժողովրդին վաղն առաջնորդելու են դեպի լուսավոր ապագա», -ասաց Մարգարյանը:
Ըստ նրա` այսօր էլ մենք դժվար պայմանների մեջ ենք, ազգային ուժի լարման կարիք կա, պետք է մեր ազգային կարողականությունը մոբիլիզացնենք, որպեսզի հաղթահարենք արտաքին դժվարությունները: «Ելքն ազգային, ինքնուրույն, անկախ, քաղաքական և ռազմական ուժն է, որ պետք է կարողանան մեր ժողովրդի համար ապահովել ապահով ապագա: Մնում է՝ պատմությունից ճիշտ դասեր քաղենք: Բացի այդ՝ մեր հաղթանակներն արժևորելու կարիք ունենք այն առումով, որ պատճառահետևանքային կապը պետք է ճիշտ հասկանանք, հասկանանք՝ ինչո՞ւ Սարդարապատն ունեցանք, ինչո՞ւ կարողացանք Սարդարապատում հաղթել, ինչո՞ւ Ղարաքիլիսա ունեցանք, ինչո՞ւ կոտորածից հետո մենք անկախ պետականություն ունեցանք»,-ասաց Մարգարյանը:
Նրա խոսքով՝ այս «ինչու»-ն ամենակարևորն է: Մարգարյանի հավաստմամբ՝ քանի որ մենք տարածաշրջանում արդեն անկախ քաղաքական ուժ, ինքնուրույն մարտական, ազգային ուժ էինք, դրա համար կարողացանք հաջողել: «Այսօր էլ պետք է հասկանանք՝ որն է փրկության ուղին: Կարծում եմ՝ փրկության ուղին ազգային, ինքնուրույն ուղեգծի մեջ է»,- շեշտեց նա: