կարևոր
27853 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-11 16:45
Տարածաշրջան

«Պետք է անցյալից դասեր քաղենք և ներողություն խնդրենք»

«Պետք է անցյալից դասեր քաղենք և ներողություն խնդրենք»

Մահմութ Շենոլ

Անցած ամիսներին լույս տեսավ ճարտարապետ և գիտնական Ալփեր Ունլուի «Հեռվի դատարկությունը» վեպը, որտեղ պատմվում է 1915 թ առաջ և հետո Էլազըղում (Խարբերդ-Ակունքի խմբ) ապրող մի ընտանիքի մասին։ Ունլուն իր վեպում կենտրոնանում է նաև տվյալ շրջանում հայ-թուրքական հարաբերությունների և այդ ժամանակաշրջանի քաղաքական մթնոլորտի վրա։ Վեպի զարգացումները գլխավոր հերոս Թահիրին Հուսեյնիկից, որտեղ նա մեծացել է, տանում են Հալեպ, ապա Գերմանիա, Ստամբուլ և կրկին բերում Էլազըղ։ Ալփեր Ունլուն իր գրքի մասին նշում է «Երբեմն անցնում էի մի համայնքի կողմը, մեկ այլ դեպքում մյուս համայնքի կողմից էի։ Իրադարձությունները օբյեկտիվ ուսումնասիրելու կողմնակից էի»։ Ունլուն նաև այս հարցն է առաջ քաշում «Տպավորություն է, ասես որոշ բաներ թաքցնում ենք գորգի տակ։ Վեպի իրադարձության վայրերում անցյալի ավերված, ոչնչացված կենսունակության շենքերի միայն հիմքերն են մնացել։ Տեղական իշխանությունը ջանասիրաբար փորձում է պարզունակեցնել հինը։ Շենքերը վերականգնվում են։ Սակայն ե՞րբ ենք վերականգնելու կենսունակությունը»: Գրող և լրագրող Մահմութ Շենոլը Ալփեր Ունլուի հետ զրուցել է նրա առաջին՝ «Հեռվի դատարկությունը» վեպի մասին։

Ժամանակաշրջանի վեպը որպես գրեթե մոռացված ոճ կարծես թե մնացել է արխիվներում։ Ընդլայնվելով այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են անձնական զարգացումը, կյանքի ուսուցումը, երջանիկ ապրելն ու երջանիկ մեռնելը՝ ժամանակակից/կրոնական վեպերում, պատմություններում տեղ գտան այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են Քվանտ-Էներգիա-Կոսմիկ Տիեզերքը՝ հետաքրքրվածությունը շատ է։ Դրանց նաև անվանում են հետարդիական գրականություն, այնպես չէ՞։ Հենց այսպիսի միջավայրում դուք միացաք թուրք գրականությանը՝ հարուստ պատմություններով բազմաշերտ ստեղծագործությամբ։ «Հեռվի դատարկությունը» վեպով Դուք ներկայացնում եք ժամանակաշրջանի վեպ սա աշխատանք է, որը մեզ վաղուց էր պետք… Տեսնելով, որ ոտք եք դրել ժամանակաշրջանի վիպասանության մեջ, հարցս Ձեզ՝ ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ զգացումներով գրեցիք ընտանեկան մեծ պատմություն՝ Խարբերդում սկիզբ առած հայ-թուրքական/օսմանյան սոցիալական հարաբերությունների և Գերմանիայում ու արտասահմանում արկածների, և իհարկե կենտրոնում՝ Հուսեյնիկ գյուղում Թահիրի արկածների մասին։

«Հեռվի դատարկությունը» իմ առաջին վեպն է։ Այս պատումը «վեպ» գրելու մղումով չեմ սկսել։ Ամեն ինչ զարգացավ մի փոքր ինտենսիվ զգայունակության մեջ։ Այս պատումը գրելիս մանկությունս, ընտանիքս, մեծերս, նրանց ապրած տեղը, վայրերը շատ ակտիվ կողմեր ունեն։ Երբ նման զգայունակություն ես ունենում, երբեմն որոշ գործընթացներ ինքնաբերաբար են զարգանում։ Այս առումով վեպն անցել է ձեր ասած երկար, խորը ու բազմաշերտ ընթացքով։ Եղել են պահեր, երբ ես ընկել էի ծայրահեղ զգացմունքային փոթորիկների մեջ… Իրականում դրանք բոլորն էլ վեպի սովորական առօրյա իրադարձություններ էին։ Այս առումով վեպի կառուցվածքում կա լայն «պատմական գետ»։ Ուժեղ հոսքով ու աղմկոտ գետ… Հանրությունների վերաբերյալ պատմական որոշումները ընդունվել են այս գետի հոսքի մեջ:

Այդ իսկ պատճառով «Հեռվի դատարկությունը» կարող է թվալ պատմական վեպ, բայց ինձ համար այն վեպ է, որը վերաբերում է սովորական մարդկանց, սովորական կյանքին, թաղամասերին, ճաշերին, սիրո կամ այս բուռն պատմական հոսքի վայրերին: Իրականում՝ տեխնիկական տեսանկյունից դա չափազանց բարդ երևույթ է… Վերևում պատմական խոր հոսք կա, իսկ ներքևում կապված ես չափազանց սովորական իրադարձությունների հետ։ Ուստի «վերևի պատմությունը» փաստացի մնաց վեպի երկրորդ շերտում։ «Հեռվի դատարկության» մեջ փորձեցի ընդգծել, որ կյանքի պարզությունը, նրա պարզ արտահայտությունը և զգացմունքները կիսելը չափազանց կարևոր են:

Մի դիտեք դա որպես ծայրահեղ նմանեցում, բայց մենք մամուլում և ինտերնետում կարդացել ենք հոդվածներ, որոնք ձեր վեպը նմանեցնում են Գաբրիել Գարսիա Մարկեսի ժամանակի գետի պատումին, որը կենտրոնում վեպի գլխավոր հերոսին ունենալով հանդերձ, մի մեծ ընտանիքի բազմաշերտ, բազմաձայն, բազում էթնոսների պատմություններ է։ Հարցս այն է, որ գեղարվեստական ​​տեքստը ձեր վեպում ստեղծվել է որպես ցրված կյանքերի, ավերված ընտանիքների, տեղահանությունների և զանազան ցավերի պատմությունների առաջին ձեռքից վկա՝ այդպիսով մի տեսակ փաստաթուղթ թողնելով Թուրքիայի նորագույն պատմության մեջ: Ինչի՞ն էիք ուզում առերեսվել, ինչի՞ն էիր ուզում առերեսել, ուրիշի պարկում թաքցված ասեղը ցույց տալով՝ ճշմարտությու՞նն ասել, թեկուզ ցավալի։

Պետք է ասեմ, որ երբ գրում էի «Հեռվի դատարկությունը», հակասություններ ունեի՝ որոշելու, թե որ կողմում պետք է կանգնեմ։ Երբեմն մի համայնքի կողմն էի, երբեմն՝ մյուս համայնքի։ Կողմ էի, որ իրադարձությունները օբյեկտիվ ուսումնասիրեմ։ Նախընտրեցի անաչառ, օբյեկտիվ մոտեցում հետազոտությանս մեջ: Մեծ թվով գիտական ​​հոդվածներ եմ կարդացել։ Իրադարձությունների, վայրերի առումով շատ մոտեցա իրականությանը։ Պարզապես ճշմարտությունը չէի փնտրում՝ որպես բծախնդիր պատմաբան: Միակ նպատակս այս իրադարձությունների հետևում եղած փորձառություններով և զգացողություններով կիսվելն էր: Գրելը տեւել է երեք տարի։ Գրելիս ապրում էի այն ժամանակվա կյանքի «պահերը», վայրերը կամ «շրջանակները»: Ընթերցողները ասացին, որ լաց են եղել որոշ «շրջանակներում»: Ես էլ եմ արտասվել։ Լավ է, որ լաց ենք լինում: Սա նշանակում է, որ նման մեխանիկական միջավայրում, առաջադեմ, էլեկտրոնային միջավայրում, որտեղ մենք բոլորս կապված ենք մալուխների միջոցով, մենք դեռ մի բան չենք կորցրել մեր մարդկայնությունից։ Եվ մենք դեռ կարող ենք նույն արձագանքը տալ մեկդարյա հնությամբ ցավալի իրադարձություններին:

Նացիստական ​​Գերմանիայում վեպի հերոս Թահիրի մեծ արկածը կարդալիս հանդիպում ենք մի տեսակ պատմության, որը տանում է դեպի տուն. ի վերջո բոլոր պատումները հիմնված են կա՛մ Իլիականի, կա՛մ Ոդիսականի վրա: Նման արկած գրելիս վեպի լեզվի հետ դժվարություն ունեցա՞ք։ Ձեզ ճանաչում ենք որպես ճարտարապետության դասախոս.  պառակտվել եք գիտական լեզվի ճշգրտության և նոր լեզվի ճկունության միջև:

Գիտական ինքնությունս նշանակություն է ունեցել 1915 թ․ (Հայոց ցեղասպանության-Ակունքի խմբագրություն) դեպքերի հետազոտման մեջ։ Մասնագիտությունս Անատոլիայում տեղավայրերի մորֆոլոգիայի ուսումնասիրության առաջատարն էր: Ճարտարապետ լինելը նպաստել է տարածությունների արտահայտմանը։ Այսպիսով, վեպի հիմնակառույցը ամրապնդվեց։ Չի լինում տեղի պատմություն՝ առանց մարդկանց… Տեղ ասվածը, ի վերջո, հիմնակառույցն է… Բնականաբար, առանց դրա պատում էլ չի կարող լինել․․․ Այս առումով ազգագրական գծից չեմ հեռացել։ Բնականաբար դասախոսի համար դիդակտիկ լեզվով վեպ գրելը աղետալի իրադարձություն է։ Կարծում եմ՝ նման մեթոդը, նման այլընտրանքային (հիբրիդային) մեթոդը, այդ թվում՝ տարածական արտահայտությունները, երբեք չի կարելի փորձել… Գուցե փորձողներ եղել են: Չգիտեմ։ Բայց երբ ես պատմում էի վայրերի մասին, միշտ գերադասում էի մարդկանց հետ միասին պատմել։ Գրականության մեջ դիդակտիկ տեղային պատումները այնքան էլ արժեքավոր չեմ համարում: Սակայն գրականությունը մեզ առաջարկում է զգացմունքներով բեռնված տեքստեր։ Գրականությունը մեզ պետք է տխրեցնի, ուրախացնի, ծիծաղեցնի, լացացնի կամ տանջի: Գրականության միջոցով պետք է գիտակցենք մեր զգացմունքներն ու ապրումները։

Ընտանիքի գաղտնիքը բացահայտվում է մի օր, երբ Թահիրը Հուսեյնիկ գյուղում հոր մահից հետո մենակ մնացած մորը Ստամբուլ է բերում։ Մայրը, ով չնայած  մինչև այդ օրը Ղուրանից գլուխը չէր բարձրացրել, մի օր ասում է, որ ուզում է գնալ թաղամասի հունական ուղղափառ եկեղեցի։ Վեպում «կատարսիսը» այստեղ է, որ մեզ՝ ընթերցողներիս փշաքաղեցնելով, հուզում է։ Մենք գիտենք, որ բազմաթիվ հայ քաղաքացիներ փոխել են իրենց ինքնությունը Մեծ տեղահանությունից (Հայոց ցեղասպանություն – Ակունքի խմբ) հետո։ Ինչպիսի՞ն կլինեին ձեր զգացմունքներն ու մտքերը որպես վեպ ընթերցող:

Սա Անատոլիայի «հսկայական» ճշմարտությունն է… «Ներքնակի տակ» գտնվող մի երևույթ կա և բազում կոտրված, կորցրած կյանքեր, որոնք գալիս են դրա հետ միասին: Սա ճշմարտություն է, որով ինքս էլ եմ ապրում։ Կարծում եմ՝ տատիկս Ղուրան կարդալիս դեր խաղալու մասին չէր մտածում։ Դա սինթեզեց այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան կրոններից, բոլոր գրքերից վեր։ Ղուրանն ընթերցելիս նա մի կողմից նաև անուղղակիորեն կարդում էր Ավետարանը։ Իրականում, կարծում եմ, մարդկությունը պատկանում է միայն մեկ կրոնի։ Այս իրականության մեջ տեղավորվեց նաեւ տատիկս, այլ տարբերակ չուներ։ Եթե ​​կարծում են, որ կրոնը կարող է տարբեր ձևերով գերակայություն ձեռք բերել մեկ այլ կրոնի նկատմամբ՝ տեղահանությամբ կամ ինչ էլ որ անունը դնենք, և որ այն կարող է հաղթել՝ փոխելով վայրերի և տեղերի անունները կամ փոխելով կրոնը և մարդկանց անունները, դա, իրոք, լրջորեն ճշմարտությունը կոծկելու և թաքցնելու լուրջ վարքագիծ է։ Դա տեսել ենք բոլոր «դառը» իրադարձությունների՝ պատերազմների, ցեղասպանությունների ժամանակ։ Տարօրինակն այն է, որ հասարակությունը մեկ դար անց դեռևս լուռ է։ Այնպիսի տպավորություն է, կարծես ինչ-որ բան ենք թաքցրել գորգի տակ: Վեպի իրադարձության վայրերում անցյալի ավերված, ոչնչացված կենսունակության շենքերի միայն հիմքերն են մնացել։ Տեղական իշխանությունը ջանասիրաբար փորձում է պարզունակեցնել հինը։ Շենքերը վերականգնվում են։ Սակայն ե՞րբ ենք վերականգնելու կենսունակությունը։ Բանը միայն շենքերի կամ տարածքների վերականգնման մեջ չէ, ե՞րբ են հավաքվելու այնտեղ ապրող հարեւանների ժառանգները՝ անկախ ռասայից ու ազգությունից։ Ինչպե՞ս ենք այս աշխարհը թողնելու մեր ապագա սերունդներին ու թոռներին, անցյալի ամոթով ու առաքինություններով։ Հարցին միշտ նայում ենք ժամանակավոր, տեխնիկական վերանորոգման կամ «վերակառուցման» տեսանկյունից։ Անընդհատ «սոցիալական ճարտարապետությամբ» ենք զբաղված։ Սա ինձ համար արժեք չունի։ Սակայն հարցը սրտերի, զգացմունքների, մեր միասին կիսած բաների, դառը ճշմարտությունների մասին է, պետք է առերեսվել իրադարձություններին, գտնել միասին լինելու դինամիկան, դասեր քաղել անցյալից, ներողություն խնդրել։

Կա՞ն մարդիկ, որոնց որպես մոդել եք վերցրել վեպը գրելու ընթացքում: Հայտնի անձնավորություն, գրող, հասարակական կարծիքի առաջնորդ և այլն, արտացոլե՞լ եք որպես վեպի հեղինակ-ընթերցող: Նման երկակի ինքնություն եմ վերագրում, քանի որ, ինչպես լատինական առածն է ասում՝ «Գրողը նա է, ով երկու անգամ կարդում է այն, ինչ գրում է»։

Վեպը գրելն ուղեկցվել է հույզերի զեղումով։ Փորձել եմ գրել՝ չհեռանալով ազգագրական գեղարվեստականության առանցքից։ Գրել եմ շատ անսպասելի, որպես «դրսից ինչ-որ մեկը»։ Գրելու ընթացքում հայրս՝ հանգուցյալ գրող-լեզվաբան Մահիր Ունլուն միշտ հետս էր։ Եթե ​​ ապրեր, այս վեպը կդարձներ «կակաչի դաշտ»։ Կարմիրով կընդգծեր՝ սա չպետք է գրեիր, պետք է սա գրեիր… Հարգանքով խոնարհվում եմ նրա հիշատակի առաջ, փորձում էի ցույց տալ, որ նա գրական աշխատող է։ Հորիցս սովորածով ու պարզությամբ փորձեցի դեն նետել մեր գրական լեզվի մեջ մտած շատ օտար շաղկապներ։ Բուկովսկուն լեզվի փոխանցմանը հասնելը և փորձառության ու հույզերի արտահայտման մեջ Բյոլի ու Համսունի գծերի վրա լինելը իմ «լռելյայն նպատակներն» էին։ Արդյունքում փորձեցի գրավոր լեզվով պատմել իմ մեջ բազմապատկված մի զգացում, մի պատում, մի «մեծ պատմություն»: Ինչպես Դերիդան է ասում՝ առաջին «տեքստը», որը գրում ենք՝ բնօրինակն է կամ իրականը… Դա երկրորդ կամ վերջին սևագիրը չէ… Ի վերջո, «տեքստ» եք գրում չհամակերպված կենսունակության մասին, որի համար անհրաժեշտ ներողությունը չի խնդրվել։ Չէի ուզում շատ խաղալ գրածս տեքստի վրա՝ խզբզելով դրա վրա և փոխելով տեքստի բնածին կառուցվածքը։ Բնածին ​​տեքստն ինձ համար շատ կարևոր էր։ Հավատում էի, որ ամենօրյա լեզուն ավելի լավ կներկայացնի կյանքը: Կարծում եմ՝ պարզ լեզուն «վսեմ» է։ Այդ լեզուն, կարծում եմ, ավելի շատ ճշմարտություն է ասում, քան «բարձրագոչ»-«գրական լեզուն», կարծես ավելի շատ է նման Դերիդայի «առաջին տեքստին»… Չգիտեմ՝ հաղթահարե՞լ եմ դա։

https://www.agos.com.tr/tr/yazi/28979/gecmisten-ders-cikarmali-ozur-dilemeliyiz

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net