|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` «ջութակ» մասնագիտությամբ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:
Մրցույթի 1-ին փուլին կմասնակցեն 17 երկրի՝ 25 երիտասարդ ջութակահարներ։ Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Ավստրիան, Բելառուսը, Էստոնիան, Իրանը, Լիբանանը, Կորեան, Ղազախստանը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Չինաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Վենեսուելան, Ֆրանսիան։ Մասնակիցների այդչափ մեծ թիվը պայմանավորված է ինչպես ներկայացված դիմումների քանակով, այնպես էլ՝ երաժիշտների աննախադեպ բարձր կատարողական մակարդակով:
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում են անվանի երաժիշտներ՝ Իգոր Պետրոշևսկին (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Ինո Մերկովիչը (Խորվաթիա), Վլադիմիր Լանցմանը (Կանադա), Պաոլո Պետրոչելին (Իտալիա), Թոնգ Վեիդոնգը (Չինաստան)։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ վերջինիս գոյության ողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը: Այս տարի` մայիսի 8-ին, Իտալիայում տեղի ունեցած Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժաղովի շրջանակում կայացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին վերաբերող երկու նշանակալի որոշում. նախ` ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ, 2016-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն, ինչպես նաև՝ ֆեդերացիայի 2016 թվականի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում։