Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երրորդ անգամ հայտարարել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ: Տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթի արդյունքները համակարգող մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին օրակարգի հաստատման, մրցույթին ներկայացված հայտերի համառոտ վիճակագրության և մրցույթների հաղթողների ներկայացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների /մասնագիտությունների անցողիկ շեմային գնահատականների սահմանման և այլ հարցեր: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ մրցույթն արձանագրել է լավ արդյունքներ, ընթացել թափանցիկ և դրական մթնոլորտում: Ըստ նախարարի` պետք է վերլուծել մրցույթի արդյունքները` արձանագրելով, թե որ բնագավառներում են առկա հայտերի ավելացում և նվազում և աշխատել այդ ուղղությամբ:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել է մրցույթի արդյունքների մասին ամփոփ տեղեկատվություն: Մասնավորապես, նա նշել է, որ մրցույթը վերաբերում է վերջին 5 տարիների ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած գիտնականներին, և այս տարի արձանագրվել է ակտիվ մասնակցություն: Ըստ Սամվել Հարությունյանի` ընտրության համար հաշվի են առնվել 10 տարբեր չափանիշներ` գիտական ամսագրերում տպագրված հոդվածների թիվը, հղումների քանակը, ունեցած ասպիրանտերի թիվը, շահած դրամաշնորհների քանակը և այլն: Գիտպեկտոմի նախագահը տեղեկացրել է նաև, որ հայտեր են ընդունվել 6 բնագավառի ուղղությամբ, որի արդյունքում ամենաբարձր ցուցանիշներ են արձանագրվել բնագիտական ոլորտում: Սամվել Հարությունյանի խոսքով` մրցույթի ընթացքում հիմնականում հաշվի է առնվել գիտնականի ակտիվությունը:
Նշենք, որ մրցույթն ամենամյա է և իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթի արդյունքում` ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված առավել բարձր արդյունավետությամբ աշխատող մինչև 100 գիտաշխատողներին 1 տարի ժամկետով կտրամադրվի ամսական 135 000 ՀՀ դրամ` հավելավճարի տեսքով:
Մրցույթին կարող են մասնակցել 2016 թվականի մայիսի 30-ի դրությամբ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված և առնվազն 7 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Մրցույթի մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ և հավելավճար ստանալու ընթացքում առնվազն 6 ամիս բնակվի Հայաստանում: Մրցույթի շրջանակներում կատարվող աշխատանքները կազմակերպում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, իսկ գիտական և գիտատեխնիկական գործունեության մասնագիտական հարցերի համակարգումը` մասնագիտական փորձագիտական խորհուրդը:
ՀՀ ԿԳՆ