Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին Կամերային երաժտական թատրոնում տեղի ունեցավ Դավիթ Խաչիյանի «Յոթ քար» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը սկսվեց կիթառի երաժշտության ներքո:
Գրող, դերասան Հովհաննես Թեքգյոզյանը պարզաբանեց, որ Խաչիյանի գիրքն ընթերցելիս ջութակի մեղեդի է պտտվել իր գլխում: «Ես փոքրիշատե ծանոթ եմ ժամանակակից գրականության գործերին, բայց Դավիթը վրիպել էր իմ տեսադաշտից: Դավիթի ստեղծագործությունները մի շարք առանձնահատկություններ ունեն, որոնցից կուզեի շեշտել այն, որ պատմվածքները սոցիալական ուղղվածություն ունեն և շատ մարդկային շեշտեր են պարունակում: Այդ սոցիալական-հումանիստական շեշտն այնքան խորն է, որ ջութակի մեղեդին գալիս-պտտվում էր իմ գլխում նրա գործերն ընթերցելիս»,- ասաց նա:
Հեղինակի խոսքով` գիրքը Հայաստանի ու հայերի համար է, այն մասին է, թե ինչ է կատարվում անկախացումից ի վեր: Գրքում տեղ գտած 15 պատմվածքներում իրական դեպքեր են ներկայացված: «Գրքի հիմնական ասելիքը կատարվածին ու կատարվողին բաց աչքերով, սթափ հայացքով նայելն է, որը կօգնի մեզ առանց վախերի, առանց բարդույթների առաջ գնալ: Իհարկե, մեր արմատներն ավելի խորն են, ճյուղերն էլ, հուսով եմ, ավելի հեռուն կգնան: Բնի մոտ կանգնած՝ ես խոսում եմ արմատների և մտածում ճյուղերի՝ վաղվա օրվա մասին»,- ասաց Խաչիյանն ու հավելեց, որ պետք չէ աչք փակել բացասական երևույթների վրա. «Ո´չ, ես գտնում եմ, որ վատը պետք է ցուցադրել և դրանից ճիշտ դասեր քաղել, որպեսզի վաղը, երբ արդեն մեր ճյուղերն սկսեն երկարել ու տերևակալել, մենք խուսափենք այդ սխալներից: Թե չէ` այսպես կարուսելի նման անընդհատ նույն տեղում ենք պտտվում ու չենք կարողանում առաջ գնալ»:
Ըստ գրողի` ինքը խնդիրներն է վեր հանում` լուծումները թողնելով ընթերցողներին: Խաչիյանը խուսափում է լուծումներն ընթերցողի բերանը ծամել-դնելուց. ուզում է, որ նա հետևություններ անի: «Ես ընթերցողին ներկայացնում եմ պատկերը, իսկ թե նա ինչպե՞ս դա կընկալի, ի՞նչ եզրակացության կհանգի, դա արդեն նրա ազատությանն եմ թողնում»,- ասաց նա:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նույնպես խոստովանեց, որ վերջերս է բացահայտել Դավիթ Խաչիյան գրողին: «Ես շատ զարմացա, երբ իմացա, որ նա արդեն երկու գրքի հեղինակ է, բայց ես նրան չգիտեմ: Դավիթն այն բացառիկներից է, որ նրա գործերին ծանոթանալիս մտածում ես՝ ինչպե՞ս է եղել, որ այս՝ իսկապես ուշադրության արժանի անունը վրիպել է քո տեսադաշտից: Փաստորեն, Դավիթը գալիս է հաստատելու այն օրինաչափությունը, որ բեմի վրա գտնվողները միշտ չէ, որ ավելի արժանավոր են, քան կուլիսներում գտնվողները»,- ասաց գրականագետը` հավելելով, որ մեր ժամանակակից արձակի համար Դավիթը մինչ այս ինչ-որ առումով կուլիսային դեմք է եղել, բայց այս ժողովածուն կարդալուց հետո մարդիկ կսպասեն նրա նոր պատմվածքներին:
Ի դեպ, շնորհանդեսի ժամանակ ներկաներին փքաբլիթներ` պոնչիկներ հյուրասիրեցին. «Պոնչիկներ»` այդպես է կոչվում նաև Խաչիյանի գրքի առաջին պատմվածքը: