Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-06 14:55
Քաղաքական

Սատանայի հետ էլ կհամագործակցեմ. «Հայկանդուխտ ավանդապաշտ կանանց» նախագահը՝ Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցության մասին

Սատանայի հետ էլ կհամագործակցեմ. «Հայկանդուխտ ավանդապաշտ կանանց» նախագահը՝ Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցության մասին

«Հայկանդուխտ ավանդապաշտ կանանց» ժողովրդավարական կուսակցությունը ստեղծվել է 1994թ-ին, այն բանից հետո, երբ բանկերը սնանկացան, իսկ մարդիկ դարձան խաբված ավանդատուներ: Կուսակցությունը ունի 3000 անդամ, որոնք թվում տղամարդիկ էլ կան: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը: Իսկ թե ինչո՞ւ հենց ավանդապաշտ կանանց է միավորում կուսակցությունը, Արմենուհի Ղազարյանը պատասխանեց. «Որովհետև առանց ավանդույթներին ազգը չի կարող գոյատևել, իսկ հայ կինը ավանդույթների պահապանն է»:

Հարցին, թե արդյոք՞ ոչ ավանդապաշտ կանայք կարող են անդամակցել կուսակցությանը, պատասխանեց. «Թող ընդունեն մեր կանոնադրությունը, դառնան մեր կուսակցության անդամ, մենք նրանց ընթացքում ավանդապաշտ կդարձնենք»: Իսկ թե որո՞նք են այդ բարոյական ավանդույթները, Արմենուհի Ղազարյանը պատասխանեց. «Բարոյականությունը, աշխատանքը, կինը պետք է կին լինի, տղամարդը` տղամարդ: Կինը պետք է տղամարդուն թիկունք լինի, հարգի...»:

Հարցին, թե արդյոք՞ այսօր հայ կինը ավանդապաշտ է, կուսակցության նախագահը նշեց, որ հիմա ցավոք սրտի խառնվել են ավանդապաշտն ու ոչ ավանդապաշտը, ու դա գալիս է երկրի քաղաքական ու տնտեսական վիճակից:

Նշենք, որ կուսակցությունը միացել էր  ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած գաղափարին, այն է` հկ-ներից ու արտախորհրդարանական մի քանի կուսակցություններից ստեղծել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը:

Մեր հարցին, վաղուց՞ են համագործակցում ՕԵԿ-ի հետ, Արմենուհի Ղազարյանը նշեց, որ ՕԵԿ-ի հետ չեն համագործակցում, այլ հավանել են միավորում ստեղծելու գաղափարը, որի մասին տեղեկացել են մեկ շաբաթ առաջ:

Մեր հարցին, արդյոք՞ հավատում է Արթուր Բաղդասարյանի գաղափարին, Արմենուհի Ղազարյանը պատասխանեց, որ ընթացքում կզգա հավատա, թե ոչ, եթե ընթացքում հիասթափվի, ապա դուրս կգա այդ միավորումից. «Ուզում եմ հավատալ Արթուր Բաղդասարյանի գաղափարին, այսօր եթե գա մի սատանա, ասի` ես եկել եմ քո ազգը փրկելու, ես ստանայի հետ էլ կհամագործակցեմ, որովհետև ուրիշ ելք չունեմ, քանդել են մարդկային արժեքները, քաղաքական դաշտը ապականվել է»:

 

Լուսանկարը` Aravot.am-ի