Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր շուրջն էր հավաքել 60 հասարակական կազմակերպությունների ու արտախորհրդարանական 10 կուսակցությունների ներկայացուցիչների` ստեղծելու «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը: Ընտրեցին կառավարող խորհուրդ, համակարգող խորհուրդ, առաջիկայում կունենան կայք, տարածք, իսկ ֆինանսավորման հարցը ապագայում կերևա, թե ինչպես պետք է կազմակերպեն:
Այդ հասարակական կազմակերպությունների անուններն են` «Ռոմելա», «Ֆլորա», «Մարինե», «Աղավնի», «Հայացք», «Ալեն», «Կանանց աջակցության խումբ», «Տղամարդիկ» հասարակական-մշակութային միություն, «Թռիչք», «Հույսի պատուհան», «Լինենք բարի», «21-րդ դարի հայորդիներ», «Անարդարության հաղթահարումը մայր հայրենիքում», «Հոգեբանական հետազոտությունների կենտրոն», «Միշտ երիտասարդ» և այլն:
Կուսակցությունների անուններն են` «Միավորված հայեր», «Ագրարային», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենիք», «Հայկանդուխտ ավանդապաշտ կանանց», Լիբերալ-ժողովրդական:
Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ այդ հասարակական-քաղաքական համախմբումը հզորագույն շարժում է դառնալու և վճռորոշ դեր է խաղալու հայ ժողովրդի կյանքում:
«Եկեք` համախմբվենք, ձերբազատվենք մեր ամբիցիաներից, չէ՞ որ հայ ժողովուրդը ծանր ժամանակներ է ապրում: Եկեք` վերականգնենք ազգի հույսն ու հավատը»,- ասաց նա` խոսելով արտագաղթի, ծանր սոցիալական վիճակի, էլեկտրաէներգիայի թանկացման մասին և հավելելով, որ նպատակ չունեն ընդդիմադիր դաշտում առաջնորդի դեր ստանձնել:
Պարզվում է` Արթուր Բաղդասարյանի` տարիների երազանքն է եղել ստեղծել նման անունով միավորում ու շարժում, և որ տարիների համագործակցության արդյունքում է ձևավորվել այդ նախաձեռնությունը:
Սակայն Yerkir.am-ի հետ զրույցում «Ապագա մանկավարժների միավորում» ՀԿ-ի նախագահը նշեց, որ երկու շաբաթ առաջ են տեղեկացել նման գաղափարի մասին և որոշել են միանալ:
«Հայկանդուխտ ավանդապաշտ կանանց» կուսակցության նախագահը նույնպես նշեց, որ մեկ շաբաթ առաջ են իրենց հայտնել այդ միավորման ստեղծման մասին:
Բոլորը կրկնում էին, որ միավորվել են, որ դուրս բերեն երկիրը ծանր վիճակից, իսկ թե ինչպե՞ս, ոչ ոք այդ հարցի պատասխանը չուներ: