կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 12:10
Հասարակություն

Երիտասարդ, գեղեցիկ կանանց տարել են, իսկ մյուսներին` այրել

Երիտասարդ, գեղեցիկ կանանց տարել են, իսկ մյուսներին` այրել

Աղբյուրը` armeniangenocide100

 

Նոյեմիկ  Խաչատրյանի պատմությունը

1916 թ., Բիթլիս

 

Բիթլիսի Թեղուտ գյուղից Նոյեմիկ Խաչատրյանը պատմում է, որ թուրքերը 30-35 հոգու, մեջք մեջքի կապելով, գնդակահարել են  ու ծովը գցել: Փոքրերին, կաղերին ու հաշման֊դամներին չորս օր քաղցած պահել, ապա կապել ծառերին ու գնդակահարել:Երիտասարդ,գեղեցիկ կանանց տարել են, իսկ մյուսներին՝ այրել: Հարմար առիթից օգտվելով `մոր, 3 եղբայրների հետ փախել են Սուլթանմուտ գյուղ, բայց մի քանի օր անց հարազատները մահացել են: Հաջորդ օրը թուրքերը, ռուսների Սուլթանմուտի մոտենալը լսելով, նահանջել են: Մի ռուս զինվորական Նոյեմիկին տարել է Իգդիր և հանձնել որբանոց:


«Առաջին օրը մերոնց զէնքերր գրաւեցին ու յաջորդ օրր նրանց ձեռքերը կապած, մեզ ևս նրանց հետ ծովափը իջեցրին, որպէսզի մենք ևս ականատես լինենք այդ եղեռնին: Այնտեղ ամէնը գնդակահար սպաննեցին ու ծովր ձգեցին: Մօտաւորապէս 30-35 հոգի իրանց կռնակը դարձրին դէպի ծով, իսկ երեսները դէպի սպաննողներին, ու իւրաքանչիւրին երկու-երկու գնդակ խփեցին: Նրանց մէջ էին մեր տանից իմ հօրաքրոջ տղան` Պետրոսեան Խոսրովը` 16 տ. և նրա հայրը` Սեփոյի Գրոյի Պետրոսը: Ապա ինչ որ մնացել էին` փոքրերը, կաղերն ու հաշման֊դամները հաւաքեցին մի տուն, չորս օր անօթի թողին նրանց: Յետոյ տարին ծովափը, կապեցին ծառերին ու գնդակահարեցին:

 

Մեր ջահել, գեղադէմ կանանց ջոկեցին իրանց համար, մօտաւորապէս 10 հոգի տարան, որոնց մէջ էր ռէս Բդոյի հարսը` Նուարդ, որ նոր էր պսակուած, իսկ տգեղ ջահելներին լցրին մի թիւրքի տուն ու շէնքը այրեցին նրանց վրայ: Այդտեղ էր և իմ մայրը. երբ չերքէզները գնացել էին քարիւղ բերելու, մայրս պատեհութիւնից օգտուելով փախաւ Սուլթանմուտ գիւղը: Մի քանի օր վերջ ինքը և իմ երեք եղբայր [ները] մի գիշերուան մէջ մահացան: Այրուեցին մօտաւորապէս 18-20 կանայք: Իսկ մեզնից կենդանի մնացածներիցս ծեծելով փող էին պահանջում: Ով ունէր` կու տար, ով չունէր` անլուր չարչարանքի էր ենթարկւում: Երկու կանայք (ես նրանց չէի ճանաչում), որոնք փող չունէին տալու, նրանց վիզը չուան անցկացրին ու խեղդեցին իմ ներկայութեան: Այդտեղից փախանք Սուլթանմուտ, ուր քիւրտերն ուզեցին փախցնել հօրաքրոջս հարս Ազնիւին: Նա ընդդիմացաւ: Մի թուրք հրացանով զարկաւ նրա սրտի մէջ ու նա իսկոյն գետին գլորեցաւ, իսկ նրա տղան՝ Ազատը, որ նրա գրկում էր, մօրը հետ գետին ընկալ, բայց նրան վնաս չեղաւ: Այդտեղ մեռան մի շաբթուան մէջ մեր երախաներէն մի եօթը :

 

Յաջորդ օրը թիւրքերը ռուսերի Սուլթանմուտի մօտենալը լսելով, թողին մեզ ու նահանջեցին:

 

Մի քանի շաբաթ Սուլթանմուտ մնալուց վերջ, երբ նահանջը եղաւ, մի կամաւոր և մի ռուս սալդատ ինձ և հօրաքոյրս` իր երեխաներով, դրին ֆուրգոնի մէջ, բերին Իգդիր ու այնտեղ ինձ յանձնեցին որբանոց»:

 

ՀԱԱ. ֆ. 227, ց. 1, գ. 468, թ. 13 և շրջ., բնագիր, ձեռագիր:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 2, Բիթլիսի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 36 – 37: