կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-22 18:50
Իրավական

Քրեական գործ՝ Ալաշկերտի մանկապարտեզում թունավորման դեպքի առթիվ

Քրեական գործ՝  Ալաշկերտի մանկապարտեզում թունավորման դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի  մանկապարտեզ ՀՈԱԿ-ի սաների թունավորման դեպքի առթիվ։

 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Երեխաների հոսպիտալացվելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բուժօգնության դիմած երեխաներն  Արմավիրի մարզի  Ալաշկերտ համայնքի  մանկապարտեզի սաներ են։

 

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի՝  2013թ. օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին»  հրամանի պահանջների կոպիտ խախտումներ:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում)։

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 12 երեխա: Երեխաների մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության։ Բոլոր երեխաներն առողջացմամբ դուրս են գրվել, Ալաշկերտի մանկապարտեզի սաների շրջանում նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: