կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-20 18:10
Առանց Կատեգորիա

Հայաստանին ներքաշում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դեմ ռազմաքաղաքական արկածախնդրության մեջ

Հայաստանին ներքաշում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դեմ ռազմաքաղաքական արկածախնդրության մեջ

Մայիսի 19-ին ավարտվել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի՝ հանկարծակի ստուգումով Տաջիկստանում անցկացված զորավարժության ակտիվ փուլը, որի ընթացքում ոչնչացվել է Աֆղանստանից Տաջիկստան ներխուժած պայմանական զինված խմբավորումը:

 

Զորավարժություններում ներգրավված է եղել նաև ՀՀ ԶՈՒ հատուկ պատրաստվածության զորախումբը, որը փայլուն կերպով կատարել է իր առջև դրված խնդիրը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պարզաբանել է, որ զորավարժությունների անցկացման համար ընտրվել է Տաջիկստանը, քանի որ բարձր է համարվում Աֆղանստանից «Թալիբան» և «Իսլամական պետություն» զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժման հնարավորությունը ՀԱՊԿ անդամ այդ երկիր: Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ն իր անմիջական պատասխանատվության տակ է առնում Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանների անվտանգությունը, և զորավարժությունները ոչ միայն ուժի ցուցադրություն էին, այլ նաև Տաջիկստանում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի տեղակայման նախերգանք:

 

Չի բացառվում, որ Հայաստանը, բացի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Լիբանանում, Աֆղանստանում, Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը զուգահեռ, ստիպված լինի մասնակցել նաև Տաջիկստանի սահմանների պաշտպանության` արդեն ՀԱՊԿ կոլեկտիվ առաքելությանը: Այլ իրավիճակում սա գուցե արտառոց չթվար: Որքան էլ իրատեսական, այնուամենայնիվ, զինյալ ահաբեկչական խմբավորումների` Տաջիկստան ներթափանցելու վտանգը դեռևս մշուշոտ է: Այդ պայմաններում ցանկացած խաղաղարար առաքելություն փորձառություն ձեռք բերելու հնարավորություն է: Երկրորդ՝ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, չի կարող հրաժարվել կոլեկտիվ անվտանգության ապահովմանը մասնակցելու` իր հանձնառությունից:

 

Սակայն Հայաստանն ինքը գտնվում է պատերազմական վիճակում և թե' արևելքից, թե' արևմուտքից շատ կոնկրետ ռազմական սպառնալիքի տակ է: Մինչդեռ` ՀԱՊԿ-ի ղեկավարության մտքով երբևէ չի անցել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, կամ Հայաստանի և Թուրքիայի սահմանին նման զորավարժություններ անցկացնել, այլև խոսել Հայաստանում արագ արձագանքման ուժեր տեղակայելու անհրաժեշտության մասին: Ավելին` ՀԱՊԿ-ը երբևէ պաշտոնապես չի հայտարարել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ակտիվ մասշտաբային գործողությունների վերսկսման դեպքում ռազմական միջամտություն կցուցաբերի` իր դաշնակցին՝ Հայաստանին, օժանդակելու համար:

 

Եվ ստացվում է, որ, անտեսելով իր անդամ պետություններից մեկի՝ Հայաստանի անվտանգությանն սպառնացող իրական վտանգը, ՀԱՊԿ-ն շտապում է «հանկարծակի ստուգումների» անվան տակ ռազմական կոնտինգենտ տեղակայել նման` ընդամենը տեսական վտանգ ունեցող մյուս անդամ պետության տարածքում և դեռ ստիպել Հայաստանի ԶՈՒ-ին մասնակցել դրան՝ իր ամենաընտիր զորախմբերից մեկի միջոցով:

 

Նաև երկակի իրավիճակն ստեղծվել է բացառապես այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի հիմնական շարժիչ ուժը հանդիսացող Ռուսաստանը փաստացի ռիսկային է համարում միայն այն սպառնալիքները, որոնք խնդրահարույց է համարում իր շահերի տեսանկյունից: Մոսկվայի համար Տաջիկստանի սահմանները վերահսկելու անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ այնքան ԻՊ-ի կամ «Թալիբան»-ի գրոհայինների ներխուժմամբ, որքան դրա անվան տակ Աֆղանստանում տեղակայված ԱՄՆ-ի ուժերի՝ Միջին Ասիայի շրջանում դեպի Ռուսաստանի սահմանները տեղաշարժվելու, նրա անմիջական շահերի գոտում ապակայության նոր օջախ սարքելու հնարավորությամբ: Մինչդեռ, քանի որ թե' Թուրքիայի, թե' Ադրբեջանի հետ Ռուսաստանը, իսկ գործնականում ՀԱՊԿ մյուս բոլոր անդամներն ունեն ուղղակի հիանալի հարաբերություններ, նրանց կողմից Հայաստանի հանդեպ անթաքույց ագրեսիան չի ընդունվում իբրև ՀԱՊԿ-ին ուղղված սպառնալիք:

 

Հարց է առաջանում՝ այդ դեպքում հանուն ինչի՞ պետք է Հայաստանի զինվորները կյանքի գնով պաշտպանեն մյուս բոլոր երկրների արտաքին կայունությունը, եթե նրանցից ոչ մեկը պատրաստ չէ նույնն անել Հայաստանի համար: Ընդ որում` այս հարցադրումը բարոյականության հարթությունից չէ, այլ՝ աշխարհաքաղաքական:

 

Մայիսի 20-ին Տաջիկստանում ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժությունների ակտիվ փուլի ավարտից հետո Ռուսաստանի ազգային անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, թե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ սահմանին ընդարձակում են իրենց հարձակողական պոտենցիալը, որով սպառնալիք են ստեղծում թե' Մոսկվայի և թե' նրա դաշնակիցների համար: Թե իր այդ ո՞ր դաշնակիցների համար են ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սպառնալիք ստեղծում, Պատրուշևն, իհարկե, համեստորեն լռում է: Մինչդեռ ակնհայտ է, որ, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի պատճառով սրվող իր հարաբերություններում ներքաշելով նաև դաշնակիցներին, այդ թվում՝ Հայաստանին, Մոսկվան նրանց դարձնում է նույնպիսի թիրախ, ինչպիսին ինքն է: Ռուսաստանը, Հայաստանից անուղղակի պահանջելով իր հետ հականատօական դաշինք կազմել, ոչինչ չի առաջարկում նրան նույն ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի հետ դիմայակությունում, նրա անվտանգության մակարդակը բարձրացնելու իմաստով:

 

Եվ եթե Հայաստանը ոչինչ չձեռնարկի այս երկակի վտանգավոր խաղը կասեցնելու համար, կարող է կանգնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությունը Մոսկվայի ճնշմամբ դադարեցնելու հեռանկարի առջև, որն իրականում տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկն էր:

 

Tert.am-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցի հիմնական քողարկված ուղերձներից դատելով՝ Երևանում կարծես հասկացել են, թե ուր են տանում այս միտումները: Թերևս այդ պատճառով է Տոնոյանն անուղղակի Ռուսաստանին և նույն ՀԱՊԿ-ին հասկացնում, որ եթե դրվում է Տաջիկստանի անվտանգությունն ապահովելու հարցը, ապա Երևանն առնվազն երաշխիքներ է սպասում Թուրքիայից իր անվտանգության ապահովման տեսանկյունից՝ հիշեցնելով. «Վերջին 3-4 տարում Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական, ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցությունը կտրուկ աճել է: Ռազմական առումով դա մարտական պատրաստության լուրջ ծրագիր է, որն արդեն իրականացվում է և արտահայտվում է համատեղ վարժանքների և զորավարժությունների տեսքով, մասնավորապես` նախիջևանյան ուղղությամբ»:

 

Պարզ տեսանելի են ՀԱՊԿ-ի տաջիկստանյան զորավարժությունների և Հայաստանի քթի տակ թուրք-ադրբեջանական պարբերական զորավարժուությունների միջև անցկացվող զուգահեռները: Ելնելով դրանից, ի դեմս Տոնոյանի, բանակը նաև նախազգուշացնում է, որ եթե ՀԱՊԿ-ն առնվազն նույնպիսի սրտացավություն չդրսևորի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` առկա ստատուս քվոն պահպանելու, այսինքն` Հայաստանի թիկունքը պաշտպանելու իմաստով, ապա հայկական կողմն ինքը կգնա դրան, որին ՀԱՊԿ-ն ստիպված կլինի այս կամ այն կերպ արձագանքել:

 

«Իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է` իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ»,- Տոնոյանի առավել քան թափանցիկ այս ակնարկի ենթատեքստը պարզ է. որպեսզի ապահովի իր անվտանգությունը, հայկական կողմը կարող է իրեն թույլ տալ առաջ տանել շփման գիծը, իսկ դա հնարավոր չէ` առանց ռազմական գործողությունների:

 

Եվ եթե դա ձեռնտու չէ ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, ապա թող մտածեն այդ անվտանգությունն ապահովելու մասին այն չափով, ինչ չափով պահանջում են Հայաստանից` մտածել Տաջիկստանի և իրենց անվտանգության, հականատօական ու հակաամերիկյան կոալիցիայում ներգրավվելու մասին: Որքան էլ ասվածն անուղղակի է, սա կարևոր դիվանագիտական քայլ է: Հարցն այն է, թե ինչո՞ւ է դա կրկին բանակը կատարում, երբ Հայաստանը արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական կորպուս ունի: Իսկ գուցե չունի՞...

 

Գևորգ Դարբինյան