կարևոր
4660 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-11 13:50
Քաղաքական

Երեւանն Անդրկովկասը ներքաշում է պատերազմի մեջ

Երեւանն Անդրկովկասը ներքաշում է պատերազմի մեջ

ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտարարել է՝ «չի բացառում, որ Ադրբեջանի հետ որեւէ փաստաթուղթ չստորագրվի, եթե կողմերը համաձայնության չգան, այդ թվում՝ սահմանազատման հարցում»: Նրա խոսքով՝ «Հայաստանի տարածքի ոչ մի հատված քննարկման ենթակա չէ, ընթանում են բանակցություններ, հանդիպում են աշխատանքային խմբեր, դա ոչինչ չի նշանակում»: Իհարկե, սա ոչ միայն կողմերի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրների լայն շրջանակի շուրջ չասված բանակցությունների «գխտոցն» է, այլեւ դրանք Երեւանի կողմից հանրային տարածք տեղափոխելը՝ խաղաղության պայմանագրից հրաժարվելու սպառնալիքով, ինչն իրավիճակին տալիս է նոր քաղաքական որակ։

Նախօրեին Հայաստանն ավելի քան երեք ամսվա լռությունից հետո Ադրբեջանին է ուղարկել «խաղաղության եւ միջպետական հարաերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 8-րդ խմբագրությունը: Զուգահեռաբար Հայաստանի արտգործնախարարն ասում է՝ «Երեւանն ու Բաքուն արդեն մի շարք համաձայնգրերի են հասել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում, սակայն երկու հիմնական հարցերի շուրջ կողմերի մոտեցումները դեռեւս հեռու են միմյանցից.դրանք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման գրավոր ամրագրումն ու սահմանազատման գործընթացի մեկնարկն են, ինչպես նաեւ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքները»։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում նշել են անգամ այս տարվա նոյեմբերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները։ Առաջարկվում էր դա անել Բաքվում՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովի ձեւաչափով։ Մինչ այդ, ըստ բաքվեցի փորձագետներից մեկի, «կողմերը պետք է շարունակեն ընթացիկ դիվանագիտական աշխատանքը ապագա համաձայնգրի հարցերի համաձայնեցման ուղղությամբ»։

Միաժամանակ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին։ Ռուսական դիվանագիտության պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է՝ Ռուսստանն ունի եզակի քարտեզագրական նյութեր եւ փորձաքննութոյւններ: Նրա խոսքով՝ «նմանատիպ սկզբունքները կիրառելի են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում»: Հայաստանի իշխանությունները չեն արձագանքել Ռուսաստանի նման առաջարկներին։ Ավելին, ՀՀ վարչապետւ «հանկարծ» հայտարարեց՝ «ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը կհանգեցներ Հայաստանում խամաճիկային կառավարության ստեղծմանը», եւ որ «քննարկվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գտնվելու ժամկետը եւս երկու տարով երկարաձգելու հարցը»։

Ընդ որում, փաստ է նաեւ այն, որ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը հնչել է Բրյուսելում ՀՀ վարչապետի՝ ԱՄ եւ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բարձր մակարդակով հանդիպումից հետո։ Արդյունքում Երեւանը որոշել է Բաքվի նկատմամբ անցնել այսպես կոչված գծային առճակատման, որը դուրս է գալիս երկկողմ հարաբերությունների հորիզոններից։

Բանն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից Հայաստանի հրաժարումը կարող է հայ-ադրբեջանական հարաբերությունների հակասական թնջուկը վերածել տարածաշրջանային նոր պատերազմի, ընդ որում՝ արտատարածաշրջանային այնպիսի խաղացողների պոտենցիալ ներգրավմամբ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ԵՄ-ն։ Հասկանալի է՝ այսպես կոչված «երկրորդ ճակատի» հայտնվելն Անդրկովկասում անմասն չի թողնի Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին, կխաթարի տարածաշրջանային կոմունիկացիոն միջանցքների, այդ թվում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի միջեւ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացումը։ Պատահական չէ, որ Իրանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության եռակողմ հանդիպումը, կոչ է արել օգտագործել տարածաշրջանային ձեւաչափերի, այդ թվում՝ 3+3 ձեւաչափի հնարավորությունները:

Բայց Փաշինյանը կամուրջներ է կառուցում կոլեկտիվ Արեւմուտքի հետ՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդացման եւ Ադրբեջանի եւ նրա դաշնակից Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելու համար փոխզիջումների մշակման մեխանիզմներ ստեղծելիս դիվանագիտական միջոցներ օգտագործելու մտադրության բացակայությամբ։ Ընդ որում, Երեւանում հասկանում են, որ դելիմիտացիայի մասին որոշումները կհայտնվեն «միայն այն ժամանակ, երբ կոնսենսուս լինի խաղաղության պայմանագրում նշված մյուս սկզբունքային հարցերի շուրջ»։

Այժմ ամեն ինչ կարող է զրոյացվել: Ավելի վաղ Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոսել էր նոր հակամարտության հավանականության մասին՝ «եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ քննարկումներից»: Եվս մեկ քայլ այդ ուղղությամբ Երեւանն արդեն արել է՝ ներկայացնելով, ըստ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի, «զինված էսկալացիայի պատրվակ»։ Այժմ մնում է միայն սպասել, թե ինչպես կարձագանքի իրադարձությունների նման ընթացքին Ադրբեջանը։

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի