Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ԱԺ-ում գլխավոր դատախազության գործունեության տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իր զեկույցի մի զգալի հատվածը նվիրեց մարդկային ճակատագրերին:
Նրա ելույթի այդ մասում թեև ոչ մի անուն չհնչեց, սակայն այն անուղղակիորեն նվիրված էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպին: Կոստանյանը նշեց, որ հասարակական հնչեղություն ունեցող և չունեցող ցանկացած գործ պետք է քննարկել մասնագիտական դաշտում:
«Հանցագործության կատարման առաջին իսկ պահից հասարակությունն անմիջապես ուղղորդվում է` որոշելու, թե ով է հանցագործը, ինչ հանգամանքներում ու պայմաններում է կատարել հանցագործությունը, վերլուծվում են վերջինիս և տուժողի կամ գործի մյուս մասնակիցների անձնական ընտանեկան կյանքը և այլն՝ համապատասխան քննադատություններով ու պիտակավորումներով: Գործի քննության ցանկացած փուլում կարող է պարզվել, որ այն, ինչ հասարակությունում տվյալ անձի վերաբերյալ քննարկվում էր մեկ, երկու կամ ավելի տարիներ, չի համապատասխանում իրականությանը, և անձն արդար է: Բայց արդեն հասցրել ենք սևացնել մարդու անունը, կենսագրությունը, նվաստացնել անձի, նրա ընտանիքի անդամների, ազգականների պատիվն ու արժանապատվությունը: Հետևաբար, պետք է հարգանքով մոտենանք ցանկացած անձի կենսագրությանն ու արժանապատվությանը և զգույշ լինենք մեր՝ հրապարակայնորեն արված գնահատականների և եզրահանգումների մեջ»,- հայտարարեց Կոստանյանը:
Նա փորձագետներին, իրավաբաններին ու քաղաքական գործիչներին կոչ արեց, որ եթե անգամ վստահ են տվյալ քրեական գործով իրենց կողմից առաջարկվող ճշմարտության և արդարության հասնելու դեղատոմսին, որևէ կարծիք արտահայտելուց առաջ նկատի ունենան, որ գործ ունեն չափազանց զգայուն մի իրավիճակի հետ, երբ ցանկացած արտահայտություն կամ կարծիք կարող է բացասական ազդեցություն ունենալ:
«Համոզված եմ, որ նման խնդիրների ոչ մասնագիտական հենքի վրա կառուցված ցանկացած քննարկում անխուսափելիորեն տանում է դեպի քաղաքական շահարկումների կամ տարատեսակ փորձագետների ինքնագովազդի դաշտ, ինչն իր հերթին հասարակության մոտ առաջացնում է թյուր կարծիք, որ այս կամ այն խնդիրն ունի շատ պարզ, արագ և արդյունավետ լուծում, սակայն այս կամ այն պաշտոնյան կամ պետությունն, ընդհանրապես, ուղղակի ցանկություն չունի տվյալ խնդիրը լուծելու»,- ասաց Կոստանյանը: