կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-18 14:04
Հասարակություն

Գնացեք, անցյալներդ փորփրեք, տեսեք` դուք ով եք եղել ձեր կյանքում. Լիսկային պաշտպանող երիտասարդ պատգամավոր

Գնացեք, անցյալներդ փորփրեք, տեսեք` դուք ով եք եղել ձեր կյանքում. Լիսկային պաշտպանող երիտասարդ պատգամավոր

Այսօր ԱԺ նիստերի դահլիճում, երբ պատգամավորների միջև կրքերը թեժացան Լիսկայի որդու թեմայի քննարկման ժամանակ, զայրացած ելույթ ունեցավ Սյունիքի մարզից մեծամասնական կարգով ընտրված, Լիսկայի հովանավորյալ, ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը, ով հայտնի է իր պասիվությամբ: Նշենք, որ երիտասարդը հայտնի է որպես Սյունիքի մարզպետի անգլերենի դասատու:

 

Դիմելով Զարուհի Փոստանջյանին` նա հայտարարեց, որ Փոստանջյանը ոչ կոռեկտ արտահայտություններ է իրեն թույլ տալիս և իրեն դրել է ամենայն հայոց դատավորի տեղը: «Չհամարձակվեք նման կերպ արտահայտվել Սուրիկ Խաչատրյանի հասցեին»,- սպառնաց նա Զարուհի Փոստանջյանին:

 

Նիստից հետո Yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ որոշեց ստանձնել Սուրիկ Խաչատրյանի անձնուրաց պաշտպանի դերը, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Ես չեմ ստանձնել նրան պաշտպանելու դերը, ուղղակի այս պահին իմ գործընկերն արդեն անցավ թույլատրելիի սահմանը. իրեն դրել է դատավորի տեղ, անհիմն հայտարարություններ է անում մարդկանց հասցեին: Ահա, թե ինչու նրան կոչ արեցի` կոռեկտ մնա: Նա մասնագիտությամբ իրավաբան է, բայց չի հասկանում, որ այս պահին հետաքննություն է ընթանում: Եվ նա պարտավոր է հարգել հետաքննության արդյունքները, էլ չեմ ասում, որ ոտնահարում է անմեղության կանխավարկածը»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Երիտասարդ պատգամավորը հավելեց. «Նա անիմաստ հայտարարություններ է անում` թմրամիջոց, եսիմ ինչ... Գնացեք, անցյալներդ փորփրեք, տեսեք`դուք ով եք եղել ձեր կյանքում: Մարդիկ իրենց քաղաքական միավորները ցանկանում են կուտակել` ուրիշներին փնովելով: Որոշներն էլ այնքան են հմտացել, որ ձեռքներն են վերցրել քլունգն ու բիզը` անընդհատ բզահարելով մարդկանց գլուխը, մոռանալով, որ դա կարող է ունենալ բումերանգի էֆեկտ»:

 

Հարցին, թե արդյո՞ք հիմքեր չկան` նման հայտարարություններ անելու, ինչպիսիք հնչեցնում է Զարուհի Փոստանջյանը, Հայկ Գրիգորյանը պատասխանեց, թե հիմքերը պարզ են դառնում հետաքննությունից հետո: «Հետաքննությունը չեղած՝ բոլորդ կողմնակալ կարծիք եք արտահայտում»,- ասաց նա:

 

Հիշեցրեցինք Բուդաղյանների դեպքի հետաքննությունը, թե ինչպես այն ավարտվեց: «Հա, ի՞նչ, Բուդաղյանների դեպքը տեսագրված էր, բոլորդ էլ տեսել եք` ինչ ա տեղի ունեցել, դեպքը խի չի տեղի ունեցել մի 500 կմ հեռու, խի՞ ա հենց տան մոտ տեղի ունեցել»,- հակադարձեց Գրիգորյանը:

 

Հարցին` ուրեմն ինչո՞վ բացատրել, որ հենց Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի հետ են կապվում նման դեպքերը, երիտասարդ պատգամավորը զայրացավ. «Չգիտեմ, ձեզ հարցրեք, էն մարդկանց հարցրեք, ում ձեռնտու է դեպքերն այսպես մեկնաբանելը»: Վերջում ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի հետ մտերիմ է: