Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Սիսիանում մեկնարկած` երեք քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքում ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով խոսեց մի քանի օր առաջ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին:
«Այս իշխանությունների սահմանադրական փոփոխությունը հետևյալն է` Լիսկային նորից նշանակեցին Սյունիքի մարզպետ, իրենց բարեփոխումը դա է: Այս իշխանությունները ոչ արտաքին քաղաքական ճակատում են հաջողության հասնում, ոչ էլ ներքին ճակատում, որովհետև վերանշանակում են Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում: Երկիրը դրել են ֆեոդալացման ճանապարհի վրա, ուստի մեզ այլ բան չի մնում, քան ամբողջական իշխանափոխություն անել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ կառավարության նոր հարկային քաղաքականության արդյունքում ՓՄՁ-ները բողոքի ալիք են բարձրացրել Երևանում: «Մեծերին թողած` ընկնում են փոքրի հետևից, որ ի՞նչ անեն, չգիտե՞ն, թե ով է, որ փաստաթուղթ չի տրամադրում: Հայաստանն ընդամենը երեք ավտոճանապարհ ունի, եթե դուք նորմալ աշխատում եք այդ երեք մաքսակետում, էդ ստվերը որտեղի՞ց պետք է լինի, թե՞ դա ձեր ստվերն է: Դուք եք անմիջականորեն մասնակիցը այդ ստվերի` կառավարությունն իր կազմով, չեմ ասի ամբողջ կազմով, որովհետև կառավարության կազմում կան մարդիկ, որ բիզնեսով չեն զբաղվում: Ուրեմն ումից ի՞նչ փաստաթուղթ եք ուզում, եթե խոշոր ստվերի ներկայացուցիչները կառավարության կազմում են»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ համապետական ընտրություններից առաջ իշխանությունները խաբեցին ժողովրդին, թե գազը չի թանկանալու, այնինչ ընտրություններից հետո պարզվեց, որ գազը վաղուց էր թանկացել: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ժողովուրդն ունի եզակի հնարավորություն՝ անելու իշխանափոխություն, որովհետև աննախադեպ ձևով միավորվել են քաղաքական տարբեր ուժեր:
«Կառավարությանը դնում ենք մի կողմ, կառավարությունը երբեք ոչինչ չի արել ու չի էլ անելու, որովհետև դա հենց նույն ոչ լեգիտիմ իշխանության կառավարությունն է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նպատակն այսուհետ իշխանափոխությունն է: