Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը նախօրեին ադրբեջանական haqqin.az կայքին տված իր աղմկահարույց հարցազրույցում սեփական հայրենիքը՝ Հայաստանը, նկարագրում էր որպես գանգստերական, բռնապետական, կլանային և ստրկական: Հարցազրույցի կապակցությամբ իրեն ուղղված մեղադրանքներին արձագանքելով` նա արդարանում է, թե իր համար ընդհանրապես նշանակություն չունի՝ սեփական տեսակետները որ լրատվամիջոցին կամ որ լսարանին է հաղորդում: Եվ թաքնվելով խոսքի ազատության սկզբունքը բացարձականացնելու ստվերում` քաղքենություն է որակում իրեն ինչ-որ բաներում մեղադրելն ու քննադատելը:
Այն, որ Խզմալյանը պետք է սկսեր արդարանալ, հասկանալի էր հարցազրույցի հրապարակման առաջին իսկ վայրկյանից: Սակայն բերվող հիմնավորումներն ու արդարացումները ոչ միայն անհամոզիչ են, այլև խղճուկ: Ընդ որում՝ թե' ադրբեջանական այդ կայքին հարցազրույց տալու փաստի, թե' հարցազրույցի բովանդակության իմաստով: Բնական պայմաններում անվիճելի է սեփական տեսակետներն ազատորեն ցանկացած լրատվամիջոցի ներկայացնելու, հարցազրույցներ տալու` յուրաքանչյուրի իրավունքը: Սակայն պայմանները, որոնց շրջանակներում Խզմալյանը հարցազրույց է տվել ադրբեջանական կայքին, մեղմ ասած, այնքան էլ բնական չեն:
Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, որոնց միջև, բացի ռազմական բախումներից, տեղի են ունենում ծավալուն տեղեկատվական պատերազմներ: Իսկ այդ պատերազմներում ներգրավված ինֆորմացիոն ռեսուրսներից շատերը դուրս են գալիս դասական լրատվամիջոցի ձևաչափերից ու վերածվում տվյալ երկրի քարոզչամեքենայի մեծ կամ փոքր դետալի:
Haqqin.az-ը, որին Խզմալյանը հարցազրույց էր տվել մի քանի այլ ռեսուրսների, օրինակ՝ vesti.az-ի հետ միասին, այսօր ադրբեջանական հակահայկական ֆաշիստական քարոզչության գաղափարական գեներատորներից է: Նրանց համար լրագրողական էթիկայի և կանոնների պահպանումը զրոյական արժեք ունի: Եվ հարցազրույցը տալուց առաջ Խզմալյանը, իբրև մտավորական, որքան էլ այլախոհ լինի, եթե չէր արհամարհում սեփական հայրենիքը, թեկուզ մարդկային բարեխղճությունից ելնելով, նախ գոնե պետք է հաշվի առներ՝ ինչ ռեսուրսի է հարցազրույց տալիս, և ինչ նպատակի են ծառայեցվելու իր տեսակետները:
Եթե Խզմալյանը համաձայնել է տալ այդ հարցազրույցը, ապա ոչ միայն կամավոր, այլև միտումնավոր և գիտակցաբար թույլ է տվել իրեն օգտագործել հակահայաստանյան քարոզչության մեջ, իր միջոցով Ադրբեջանի հասարակությանը համոզիչ դարձնել ընդհուպ Ալիևի մակարդակով հետևողականորեն զարգացվող այն գաղափարը, թե Հայաստանում համատարած բարոյալքում է, թե իրենց առջև մի երկիր է, որի ժողովուդը դիմադրելու ընդունակություն և ցանկություն չունի:
Սա ոչ միայն մանիպուլյատիվ քարոզչության մեջ նորություն չէ, այլև, կարելի է ասել, նման քարոզչության ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է: Որովհետև մի բան է, երբ սեփական քարոզչական մեքենան է փորձում համոզել հակառակորդի բարոյալքվածության, իրենց ունեցած առավելության մեջ, մեկ այլ բան է, երբ դա նման էնտուզիազմով, ադրբեջանական կայքին հարցազրույց տալու հաճույքից իրեն կորցրած ու լսարանը մեծացնելու մանկական խանդավառությամբ անում է այդ հակառակորդի մտավորականության ներկայացուցիչը:
Իսկ թե ի՞նչ է կոչվում գիտակցաբար իրեն սեփական երկրի դեմ, թեկուզ` քարոզչական դաշտում օգտագործելու հնարավորության ընձեռումը, ավելորդ մեկնաբանության կարիք չունի: Սա նման է նրան, որ, ասենք, Հայաստանի որևէ քաղաքացի, հանդիպելով ադրբեջանական ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներին, հոժարակամ ինֆորմացիա է տալիս իր երկրի մասին, իսկ հետո արդարանում, թե խոսքի ազատություն է՝ ում հետ ուզում, զրուցում է:
Կինոռեժիսորը չէր կարող համոզված չլինել, որ այդ կայքը երբեք չէր հրապարակի իր հարցազրույցը, եթե առաջադրված հարցերին ինքը տված լիներ ադրբեջանական պրոպագանդային հակասող կամ գոնե ինչ-որ չափով դրանից շեղված պատասխաններ: Սա բոլորովին երկրորդական հանգամանք չէ, որովհետև եթե այս հարցին Խզմալյանը կարևորություն չի տալիս, նշանակում է նրա համար ոչ մի տարբերություն չկա՝ գործ ունի գոնե անաչառության էթիկական նորմը պահպանող լրատվամիջոցի՞, թե՞ ադրբեջանական բռնատիրական ռեժիմի տեղեկատվա-քարոզչական շահերն սպսարկող ռեսուրսի հետ: Եթե նա տարբերություն չի տեսնում՝ հարցազրույցի համար իրեն որպես սուբյեկտի՞ են մոտեցել, թե՞ որպես այդ քարոզչության սպասարկման օբյեկտի կամ գործիքի, նշանակում է մարդն այնքան էլ դեմ չէ խալխի ձեռքին գործիք լինել: Այս դեպքում արդեն նույնիսկ ավելորդ է դառնում խոսել հարցազրույցի բովանդակային մասի մասին:
Բայց եթե անգամ ընդունենք, որ Խզմալյանը մոլորության մեջ է եղել haqqin.az-ին` իբրև լրատվամիջոցի մոտենալիս, ապա առնվազն տարօրինակ է, որ ժողովրդավարական արժեքները բացարձականացնող ռեժիսորը ոչ մի բառ չի ասում Ադրբեջանում ժողովրդավարության բռնաբարման, իշխանության բռնազավթվածության, սուլթանատի հաստատման, մարդու իրավունքների մասսայական խախտումների մասին, որը, համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում լինելու առումով, ուղղակի անհամեմատելի է հայաստանյան իրականության հետ:
Դրա փոխարեն Խզմալյանն իր պատասխաններում, ընդամենը լեզվի ծայրով, ակնարկում է, թե ներհայաստանյան այն խնդիրները, որոնց մասին ինքը խոսում է, ուշադրություն դարձնենք, «մասամբ» են միայն հատուկ Ադրբեջանին: Իսկ հարցազրույցի վերջում նա Հայաստանի և Ադրբեջանի միջև արհեստական հավասարություն է դնում` «ստրկական» և Ռուսաստանից կախվածության մեջ լինելու առումով, թեև թե' առաջինի և թե' երկրորդի մասով խոսում է բացառապես Հայաստանի մասին: Եվ այն փաստի անտեսմամբ, որ հիմքեր չի բերում Ռուսաստանից էներգետիկ, տնտեսական կախվածության չունեցող Ադրբեջանին ստրկականության մեջ մեղադրելու համար, հանգեցնում է այն մտքի, որ, սրելով Մոսկվայից Հայաստանի նման կախվածությունը, հասկանալի դարձնելով այդ առումով Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը, կամա, թե ակամա, հայ մտավորականը պարզապես ադրբեջանցիների մոտ խայտառակում է Հայաստանը: Եվ այստեղ որևէ նշանակություն չունի՝ առանց նրա ասելու, դրանում որքանով է համոզված կամ չհամոզված իր լսարանը: Սա այլ բան չէ, քան ադրբեջանական լսարանի առջև հայաստանյան դարդերից խոսելու հնարավորություն տալու համար Ադրբեջանի նկատմամբ նման լոյալությամբ, կայքին շնորհապարտ լինելու փորձ:
Այդ ո՞ր օրվանից ու ինչո՞ւ է հայաստանցի մտավորականը որոշել խնայել քնած հայ մարդուն կացնահարող ստահակին հերոսացնող, իր ժողովրդի ոչնչացման և հայատյացության քաղաքականություն վարող երկրի ռեժիմին: Մինչդեռ Խզմալյանը հիանալի հնարավորություն ուներ հասկացնելու, որ Ադրբեջանն ամենավերջին երկիրն է, որը որևէ մակարդակով կարող է խոսել Հայաստանի ներքին խնդիրների մասին: Հերն էլ անիծած՝ կայքը կհրապարակե՞ր այդ բովանդակությամբ հարցազրույցը, թե՞ ոչ: Եվ երբ դա չի արվում, մնում է եզրակացնել, որ կան իրավիճակներ, երբ ավելի լավ է քաղքենի լինել, քան պատեհապաշտ «գրանտակեր»...
Գևորգ Դարբինյան
Հ.Գ. Ալեքսանդր Պուշկինը ռուս հրապարակախոս Պյոտր Վյազեմսկուն ուղղված մի նամակում այսպիսի խոսքեր ունի. «Ես, իհարկե, ոտքից գլուխ արհամարհում եմ իմ հայրենիքը: Բայց ինձ համար տհաճ է, երբ օտարերկրացին է ինձ հետ կիսում այդ զգացողությունը»:
Փաստորեն, Պուշկինը ոչ միայն մանրախնդիր է, այլև քաղքենի: Հետաքրքիր է՝ Խզմալյանը գոնե տհաճություն զգացե՞լ է...