| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտից շարժվել են դեպի ՀՀ վճռաբեկ դատարան: Ցուցարարները պահանջում են, որպեսզի Վճռաբեկ դատարանը շուտափույթ վարույթ ընդունի Սամվել Բաբայանի վերաբերյալ գործը: Ակցիայի մասնակիցները միաժամանակ պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:
Ցուցարարների հետ բանակցելու է եկել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը:
Սամվել Բաբայանի կողմնակիցներից Անդրանիկ Թևանյանը Վճռաբեկ դատարանի ներկայացուցչից պահանջում է հստակ ժամկետներ հայտնել գործը վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ: «Վճռաբեկ դատարանը պետք շատ արագ գործն ընդունի վարույթ և վերանայի դատական ակտը»,- նշեց նա:
Սերժիկ Ավետիսյանի խոսքով` անլուրջ է կոնկրետ ժամկետների մասին խոսելը: «Բոլորը հավասար են օրենքի առջև: Մենք հարգում ենք բոլորի իրավունքները, ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում: Անլուրջ կլինի, երբ որևէ մեկը ցանկացած բողոք վարույթ ընդունելու վերաբերյալ կոնկրետ ժամկետ նշի»,- ասաց նա:
«Բոլորս Նիկոլ ենք, բոլորս Սամվել Բաբայան ենք: Պետք է Սամվել Բաբայանին դատարանի դահլիճից ազատ արձակեն»,-հայտարարեց Բաբայանի աջակից ազատամարտիկներից մեկը:
Նշենք, որ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով, վերանայում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացած որոշումները։