կարևոր
6874 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-25 11:08
Քաղաքական

Փաշինյանը հերթական թեզով փորձում է արդարացնել թե՛ Ադրբեջանի վարքագիծը, թե՛ սեփական արտաքին քաղաքականության ձախողումը․ Արմեն Գրիգորյան

Փաշինյանը հերթական թեզով փորձում է արդարացնել թե՛ Ադրբեջանի վարքագիծը, թե՛ սեփական արտաքին քաղաքականության ձախողումը․ Արմեն Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը վերջերս հերթական թեզը նետեց ասպարեզ` արդարացնելու թե՜ Ադրբեջանի շարունակվող ոչ կառուցողական վարքագիծը, թե՜ սեփական արտաքին քաղաքականության ձախողումը։ Այս մասին գրում է  ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։

«Ըստ Փաշինյանի` «Ադրբեջանն ասում է դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես»։

Այս թեզը ոչ միայն արդարացում չէ, այլ նաև ամբողջությամբ խեղաթյուրում է իրականությունը։ Եթե մի բան կարելի էր մեղադրել Հայաստանին, ապա այն է, որ 30 տարի թողել է Ադրբեջանը հանգիստ զարգանա։

1. Այսպես,1994 թվականի հրադադարից հետո Հայաստանը չի ստորացրել Ադրբեջանին և չի շարունակել իր ռազմական ճնշումը, որպեսզի վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկի Բաքվին։

2. Հայաստանը չի խոչընդոտել Բաքու - Ջեյհան նավթամուղի կառուցմանը։

3. Հայաստանը չի խոչընդոտել Բաքվից դեպի Թուրքիա գազամուղի կառուցմանը։

4. Հայաստանը չի խոչընդոտել Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Թուրքիայի երկաթուղու կառուցմանը։

5. Հայաստանը չի միջամտել Ադրբեջանի ներքին գործերին և չի խարխլել ներքին կայունությունը, այդ թվում պրոհայկական ընդդիմություն ձևավորելու, իսկ հետո` իշխանության բերելու համար։

6. Հայաստանը միջազգային ատյաններում հակաադրբեջանական բանաձևեր չի ներկայացրել։

7. Հայաստանը չի խոչընդոտել Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռքբերմանը եւ ադրբեջանական բանակի հզորացմանը։

Շարքը կարելի էր շարունակել, բայց մի բանն ակնհայտ է, Ադրբեջանի ներկայիս գործողությունները, որպես Հայաստանի կողմից արված քայլերի պատասխան ներկայացնելը, ոչ միայն արդարացնում է Բաքվի հակահայկական քաղաքականությունը, այլ ընդհանրապես հեռու է իրականությունից։ Իսկ այս ամենը հետո հերթական դժվարության մեջ է դնում Հայաստանին, որից դուրս հանելը հենց կառավարության առաջին խնդիրն է, իսկ այստեղ արդեն որևէ արդարացում լինել չի կարող»։