Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պետք է նախապատրաստվեն փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպմանը:
ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է ռուսական «Ուֆաի»-ի հարձակվող Միխայիլ Մարկոսովի հետ, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:
Ձեզ ենք ներկայացնում ամբողջական հարցազրույցը.
-Միխայիլ, ինչպե՞ս ընդունեցիր ազգային հավաքական հրավիրվելու մասին լուրը:
-Բնականաբար, շատ ուրախացա: Անկախ նրանից, որ ես խաղում եմ Ռուսաստանում, Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, և ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալը:
-Երբ արդեն սկսել էիր գոլեր խփել «Ուֆա»-ի կազմում, սպասո՞ւմ էիր, որ քեզ կհրավիրեն հավաքական:
-Հոգու խորքում, բնականաբար, հույս ունեի, բայց չէի սպասում, որ դա կլինի այսքան շուտ:
-Հայաստանի հավաքականում խաղալու դեպքում դու լեգիոներ կհամարվես Ռուսաստանում: Տատանվո՞ւմ էիր հավաքականի հրավերն ընդունելիս:
-Ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ կայացրել եմ ճիշտ որոշում: Ինքս ինձ համար որոշել եմ, որ գնալու եմ մինչև վերջ: Ազգային հավաքականում խաղալը լրիվ ուրիշ մակարդակ է, միջազգային ասպարեզ դուրս գալու եզակի շանս, որը չի կարելի բաց թողնել: Բացի այդ, եթե ֆուտբոլիստը ուժեղ է, նա կգտնի իր տեղը հիմնական կազմում, նույնիսկ եթե լեգիոներ է:
-Ի՞նչ սպասելիքներ ունես Լյուքսեմբուրգի հավաքականի հետ հանդիպումից:
-Ճիշտն ասած, մրցակցի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նրանց խաղերին չեմ հետևել: Իսկ մեր հավաքականի խաղերը, բնականաբար, դիտել եմ և արդեն մոտավոր պատկերացում ունեմ, թե ինչպես են խաղում մեր ֆուտբոլիստները: Բայց այս հավաքի ընթացքում ինձ համար ամենակարևորը հավաքականի ֆուտբոլիստների և գլխավոր մարզչի հետ ծանոթանալն է և թիմին հարմարվելը:
-Ինչպե՞ս ես գնահատում առաջիկա հանդիպմանը քո՝ խաղադաշտ դուրս գալու հնարավորությունները:
-Կարծում եմ՝ եթե մարզիչը հրավիրել է, ուրեմն որոշակի հույսեր է կապում ինձ հետ: Քանի որ հանդիպումն ընկերական է, մարզիչը, հավանաբար, բոլորին էլ խաղալու հնարավորություն կտա: Ես էլ, իմ հերթին, կփորձեմ արդարացնել մարզչի վստահությունը և ապացուցել, որ արժանի եմ հանդես գալու Հայաստանի հավաքականում: