Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է, Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության դեպքից երեքուկես տարի անց նրա սպանության ենթադրյալ կատարող Մովսես Ներսիսյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Այս մասին հայտնի դարձավ այսօր` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող այս գործով հերթական դատական նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Սաֆարյանի սպանությունը պատվիրել և կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, ով էլ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է սպանությունը կատարած Մոսոյին ու դիակը թաքցրել կոյուղու դիտահորում: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Իսոն ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից:
«Մինչ օրս մեղադրանքի կողմի պահանջով շարունակվում են Մովսես Ներսիսյանի որոնողական աշխատանքները: Եթե վստահ են, որ Մոսոն սպանված է, ինչու՞ են որոնում նրան»,-իր պաշտպանական ճառում նկատեց այս գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը` վկայակոչելով այս գործով վկա, Մովսես Ներսիսյանի զոքանչի` Լուսիկ Ղազարյանի ցուցմունքը:
«Մոսոն անհետանալու օրը զանգահարել է իր 4-ամյա որդուն և 10 րոպեից ավելի զրուցել նրա հետ: Զոքանչի պատմելով` դա նման է եղել հրաժեշտի զրույցի»,-ասաց նա:
Երկարամյա քննչական փորձ ունեցող փաստաբան Հեկտոր Սարդարյանը շուրջ երկու ժամ տևած իր ճառում բազմաթիվ հարցեր բարձրացրեց, որոնք ըստ նրա` մեղադրող կողմը որևէ կերպ չի հիմնավորել կամ հերքել:
Նրա խոսքով` մեղադրական եզրակացության մեջ ներկայացված ապացույցների շուրջ երկուսուկես տարիների հետազոտություների արդյունքում այդպես էլ չպարզվեց Արթուր Սաֆարյանի սպանության դրդապատճառը, կատարված հանցանքում ամբաստանյալի մեղքը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, իսկ մեղադրողի` իր պաշտպանյալին 25 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ միջնորդությունը` ենթակա մերժման:
«Հետադարձ հայացք ուղղելով Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի «բացահայտմանը», պետք է ընդունել, որ դեպքից հետո հանրապետության օպերատիվ հետախուզական ողջ համակարգը, քննիչները լծվել էին դեպքի բացահայտման գործին, կատարել ակտիվ քննչական գործողություններ: Սպանության դեպքի առաջին իսկ օրվանից այդ աշխատանքներում ներգրավվել է նաև այս գործով նախկին մեղադրյալ Տիգրան Ասատրյանը, որպես տուժողի մտերիմ, ինչի ընթացքում համագործակցել է դեպքի բացահայտման պարտականություններն իրականացնող օպերատիվ աշխատակիցներ Գրիգոր Ղուկասյանի և այլոց հետ: Ասատրյանին իրազեկել են գործի բացահայտման ընթացքի մասին, հայտնել գաղտնալսումների վերաբերյալ տվյալներ»,-ասաց նա` ուշադրություն հրավիրելով 2014թ-ի փետրվարի 3-ին կատարված հայտնի ձայնագրության վրա, որը դրվել էր իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում:
Հիշեցնենք, որ համաձայն Տիգրան Ասատրյանի նախաքննական ցուցմունքի, Արթուրի հուղարկավորությունից հետո ինքն Իսոյի հետ զրուցել է սպանության թեմայով և հայտնել, որ ոստիկանները դուրս են եկել «Մերսեդես E » մակնիշի ավտոմեքենայի հետքի վրա, և երբ Իսոն լսել է այդ մասին, այլայլվել է: Հետո, ըստ Ասատրյանի, Իսոն պատմել է, որ ի սկզբանե իմացել է` ով է սպանությունը կատարել, և որ դա Մոսոն է եղել:
Իսրայել Սարգսյանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ այդ ձայնագրությունը մոնտաժված ,է և որ իրականում ինքը, կասկածելով Տիգրանին, նման խոսակցություն է հետն ունեցել՝ փորձելով պարզել` նա կապ ունի կատարվածի հետ, թե՝ ոչ:
«Տիգրան Ասատրյանը գաղտնի ձայնագրել է այդ խոսակցությունն, ապա մոնտաժի միջոցով կեղծել, աղավաղել իրականությունը, ոչնչացրել ձայնագրիչը: Այստեղ գործի ելքի համար շատ կարևոր հարց է առաջանում. նախ ինչու՞ է Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանի մոտ նման խոստովանություն կատարում, ի՞նչն է դրա դրդապատճառը, և եթե ընդունենք, որ այդ խոստովանությունը ճիշտ է, ապա այդ դեպքում ո՞րն է սպանության շարժառիթը»,-իր ճառում ասաց Սարդարյանը:
Սարդարյանը հիշեցրեց, որ այս գործով վկա Աշոտ Բոլյանն իր ցուցմունքում նշել է, որ ինքն է Իսրայել Սարգսյանին խորհուրդ տվել ինչ-որ հնարքով իմանալ Արթոևր Սաֆարյանի սպանության դեպքի հետ Տիգրան Ասատրյանի առնչության մասին, ինչից հետո էլ Իսոն նման զրույց է ունեցել Տիգրանի հետ:
Պաշտպանը նկատեց, որ Տիգրան Ասատրյանն ու Իսրայել Սարգսյանը անփորձ մարդիկ չեն, երկուսն էլ դատապարտվել և ազատազրկման ձևով պատիժ են կրել, Տիգրանն իրավապահ համակարգում է աշխատել, եղել է քննիչ:
«Տիգրան Ասատրյանը նախաքննության ընթացքում և այս գործից անջատված մասով որպես մեղադրյալ է անցել: Նա պնդել է, որ սպանության դեպքից հետո մասնակցել է դեպքի վայրի զննությանը, հայտնաբերել բժշկական ձեռնոցը, հանդիպումներ ունեցել օպերատիվ աշխատակիցների հետ և այլն:
Տիգրան Ասատրյանը, դատարանում պնդելով նախաքննության ընթացում իր տված ցուցմունքները, հայտարեց, թե Իսրայել Սարգսյանի պատմածներին ինքը չի հավատացել և այժմ էլ չի հավատում: Տիգրան Ասատրյանը հայտարարեց, թե հաշիվ կպահանջի Իսրայել Սարգսյանից, եթե պարզվի նրա կապը: Եթե Իսոյի խոստովանությունը նրա համար արժեք ունենար, նա նման բան չէր ասի»,-ասաց պաշտպանը:
Փաստաբանի խոսքով` Տիգրան Ասատրյանը ևս իր ցուցմունքում համոզմունք է հայտնել, որ Մոսոն կենդանի է: «Ասատյանը նշել է, որ Իսոն ձայնագրության մեջ նշվածներն ասել է նրա համար, որ ինքը ձեռք քաշի Մոսոյին իր մոտ բերելու մտքից: Նա հայտնել է, որ ինչ ասել է Իսրայել Սարգսյանը ձայնագրված զրույցի ժամանակ, սուտ է, ապա բառացի հայտարարել. «Նա ուներ պատճառներ ինձ խաբելու համար»:
Պաշտպանը նկատեց, որ գործով քննություն չի կատարվել պարզելու համար, թե դրանք ինչ պատճառներ էին:
Նրա խոսքով` Ասատրյանն իր ցուցմունքում նաև նշել է, որ Իսրայել Սարգսյանն ու Արթուր Սաֆարյանն իրար հետ ընկերական հարաբերություններ են ունեցել: Ըստ Տիգրանի ցուցմունքի` Իսոն Թևոս Սաֆարյանի հետ ընկեր չէր, բայց նրա հետ թշնամի էլ չէր, իրար տեսնելիս իրար հետ լավ հարբերություն ունեին:
Պաշտպանի խոսքով, այն, որ Իսրայել Սարգսյանի խոստովանությունն իրական չէ, հիմնավորվում է նաև ձայնագրությամբ. «Դու ընենց պիտի անեիր, որ ես հավատայի, էս թեման լուրջ թեմա ա, էս թեման դու պետք ա ապացուցեիր, էս իրար հետ պետք ա անեինք ախպեր»,- ասել է Տիգրանը:
Պաշտպանի խոսքով` Տիգրան Ասատրյանի ցուցմունքներով ևս չի հիմնավորվել Արթուր Սաֆարյանի սպանության շարժառիթը:
«Փորձաքննությամբ հիմնավորվել է, որ այդ ձայնագրությունը ենթարկվել է մոնտաժման, այլ կերպ ասած վրան լավ աշխատած է»,-ասաց նա` նշելով, որ նույնիսկ գաղտնի ձայնագրությամբ չի հիմնավորվում, թե որն է սպանության շարժառիթը:
«Եթե չես կարողանում ապացույց ձեռք բերել, որպեսզի սպանության դրդապատճառ պարզես, ուրեմն այդ գործը փուչ է»,-ասաց նա:
Փաստաբանն ադրադարձավ մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցներին, որոնք իբր հիմնավորում են Իսրայել Սարգսյանի մեղավորությունը:
Արթուր Սարգսյանի սպանությունից հետո Իսրայել Սարգսյանի և Մովսես Ներսիսյանի նկատմամբ`հունվարի 30-ից մինչև փետրվարի 3-ը ներառյալ իրականացվել է «արտաքին դիտում» օպերատիվ-հետռախուսական միջոցառումը, որի շրջանակներում Մովսեսին պայմանականորեն անվանել են «Ավո» իսկ Իսրայել Սարգսյանին`«Կարո»:
Ըստ Հեկտոր Սարդարյանի` չնայած արտաքին դիտման արձանագրությունը դրվել է մեղադրանքի հիքմում, այն ավելի շատ պաշտպանական, քան մեղադրանքի կողմի ապացույց է: Մասնավորապես`արտաքին դիտման փետրվարի 1-ի վերաբերյալ արձանագրության մեջ ոստիկանության աշխատակիցները նշել են, որ Ավոյի՝ այսինքն Մոսոյի մեքենան ժամը 20:20-ին կանգնեց «օբյեկտի» (նկատի ունեն Իսրայել Սարգսյանին. հեղ) շենքի մոտ, օբյեկտը նստեց:
Ըստ որում`Սարդարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ արտաքին դիտում իրականցրած ոստիկանները արձանագրության մեջ նշել են, որ երբ «օբյեկտը» մոտեցավ, ապա մեքենան գնաց, օբյեկտն այնտեղ չէր, հետրևաբար նստեց մեքենան: Ըստ արտաքին դիտում իրականացրած ոստիկանների՝ Իսրայել Սարգսյան ու Մովսես Ներսիսյանը երկուսով գնացել են «Մագնում» հոթել և ժամը 20:30-ին ավտոմեքենան կանգնեցնելով ավտոտնակում՝ մտել հյուրանոց:
ժամը 22:10-ին Ավոյի (Մոսոյի) ավտոմեքենան դուրս է հյուրանոցի ավտոտնակից, ապա շարժվել դեպի Քանաքեռավան գյուղ, ապա Զվարթնոց օդանավակայան: Հատկանշական է, որ այս ընթացքում արտաքին դիտում իրականացնողները 4 անգամ արձնագարել են, որ մեքենայում վարորդի կողքի նստատեղին մարդ կա, ըստ որում՝ արձանագրության մեջ առկա է նաև գրառում այն մասին, որ ժամը 01:15-ի սահմաններում Մոսոն նկատվել է Զվարթնողի վճարովի ավտոկանգառ մտնելիս ,որից հետո նա թողնվել է առանց դիտարկման:
Այս ամենը, Սարդարյանի խոսքով կասկածի տեղ չի թողնում, որ Մովսես Ներսիսյանը ողջ է, իսկ հանգամանքը՝ նա Զվարթնոց օդանավակայան է գնացել Իսրայել Սարգսյանի ուղեկցություն, թե մեկ այլ անձի, ըստ պաշտպանի, էական չէ:
Սարդարյանն ուշադրություն հրավիրեց նաև իր պաշտպանյալի` դատարանում տված ցուցմունքի վրա, որտեղ նա պատմել է Տիգրան Ասատրյանի հետ Թևոս Սաֆարյանի ունեցած խոշոր դրամանական խնդիրների մասին և այդ հանգամանքով պայմանավորված` Ասատրյանի առնչությունը Սաֆարյանի սպանության դեպքին, ինչպես նաև Մովսես Ներսիսյանի և Թևոս Սաֆարյանի կապի մասին:
Նշենք, որ համաձայն մեղադրանքի կողմի` սպանության շարժառիթը հետևյալն է. «Իսրայել Սարգսյանը, ստանալով պատվեր, իրականացրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, վերջինիս եղբոր`Թևոս Սաֆարյանի դիրքերը և ազդեցությունը շրջապատում թուլացնելու նպատակով»:
Հեկտոր Սարդարյանի խոսքով` քրեական գործում չկա որևէ ապացույց, որը կհիմնավորի սպանությունը պատվիրելու ենթադրյալ դրդապատճառը: Ընդհակառակն, ըստ նրա, գործում առկա է այդ վարկածը հերքող փաստարկ:
Նրա խոսքով` Թևոս Սաֆարյանը, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում, հարազատների հետ զրույցում կտրականապես ժխտել է իր ազդեցությունը թուլացնելու նպատակով եղբորը սպանելու քննչական վարկածը: «Թևոս Սաֆարյանը նշել է, որ դեպքը կապված է 1 մլն 200 հազար դոլարի վարադարձման պահանջի հետ: Տուժողի եղբոր ` Թևոս Սաֆարյանի հիշյալ փաստարկը քննությամբ չի ստուգվել, այդ մասին իր ճառում չի խոսել նաև մեղադրողը»,-ասաց նա և հավալեց.
«Հեշտ է կողքից վերցնել, ասել` ստացել է պատվեր, գնացել է` այդ գործն արել է, ի՞նչ է դրդապատճառը պատվիրատուի, դա պետք է պարզվեր, չէ՞ որ խոսքը վերավերվում է նման խոշոր գործարքին: Վերջիվերջո Թևոս Սաֆարյանը պատահական մարդ չէ»:
Մանրամասն նկարագրելով մեղսագրվող արարքում իր պաշտպանյալի մասնակցությունը բացառող հանգամանքներն ու բազմաթիվ հակափաստարկներ ներկայացնելով մեղադրող կողմի ներկայացրած ապացույցներին, Հեկտոր Սարդարյանը պահանջեց արդարացման դատական ակտ կայացնել իր պաշտպանյալի նկատմամբ և ճանաչել Իսրայել Սարգսյանի անմեղությունը:
Հաջորդ դատական նիստին իր վերջին խոսքը կասի գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը:
Թագուհի Մելքոնյան