կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 15:27
Տնտեսական

Նաիրիտցիները հակադրվում են Երվանդ Զախարյանին

Նաիրիտցիները հակադրվում են Երվանդ Զախարյանին

Շարունակվում է նաիրիտցիների նստացույցը կառավարության շենքի առջեւ: Երեկ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ Համաշխարհային բանկն արդեն ավարտել է աուդիտը և հանգել այն եզրակացության, որ ներկա պահին գործարանի շահագործումը նպատակահարմար չէ, քանի որ վերագործարկման համար անհրաժեշտ է լինելու մոտ 250-300 մլն դոլար:


Նստացույցի մասնակից` «Նաիրիտ»-ի նախկին աշխատող Տիգրան Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց. «Գործարանը Երվանդ Զախարյանի խոսքով չի աշխատելու կամ չաշխատելու: Եթե կառավարությունն ուզենա, գործարանը կաշխատի ոչ թե 300 մլն դոլարով, այլ 70-80 մլն դոլարով»:

 

Նա նշեց, որ ներկա պահին նստացույց սկսած նաիրիտցիների պահանջը աշխատավարձերի պարտքի մարումն է: Նաիրիտցիները  վստահ են, որ ներկա վիճակով էլ գործարանը հնարավոր է աշխատեցնել: Նրանք նաև չեն հավատում Համաշխարհային բանկի իրականացրած աուդիտին ու եզրակացություններին, որովհետև բանկը մի քանի անգամ է անցկացրել աուդիտ վերջին 4 տարիների ընթացքում, և նախորդ անգամ եզրակացությունը հակառակն է եղել, որ գործարանը հնարավոր է վերագործարկել, ուրեմն ինչպե՞ս ստացվեց, որ այս անգամ աուդիտի եզրակացությունը բացասական էր:


Նաիրիտցիները նշեցին, որ պահանջում են աշխատավարձերի շուտափույթ մարում, որովհետև սպասելու տեղ այլեւս չունեն, հակառակ դեպքում` կշարունակեն անժամկետ նստացույցեր: Նաիրիտցիները չեն հավատում կառավարության անդամների խոստումներին, որովհետև նույն Երվանդ Զախարյանը ամիսներ առաջ խոստում է տվել, թե նախագահը հանձնարարել է մինչև նեյեմբերի վերջն ամբողջ պարտքը մարել, իսկ հիմա պարզվում է, որ այդ խոստումները սուտ էին:


«Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը  չհամաձայնեց Երվանդ Զախարյանի այն հայտարարության հետ, թե գործարանը չգործարկելու խնդիրներից մեկն էլ այն է, որ արտադրանքն իրացման շուկա չունի: «Իրացման խնդիր «Նաիրիտ»-ի արտադրանքը չունի և չի ունեցել, այն մեծ պահանջարկ ունի աշխարհում` ընդհուպ մինչև ԱՄՆ, Հարավային Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, Պարսկաստան: Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ի վերագործարկմանը, ապա 70 մլն դոլարով այն հնարավոր է վերագործարկել: «Նաիրիտ»-ն աշխատել է պատերազմի տարիներին, ու այսօր հանկարծ հայտարարում են, թե 300 մլն դոլար է պետք` այն վերագործարկելու համար: 300 միլիոն պետք չէ, պետք է պարզապես ներդրումները բերել, չփոշիացնել, սպասել առնվազն 3-5 տարի, և «Նաիրիտը» կսկսի օգուտով աշխատել»,- ասաց Անուշ Հարությունյանը: