Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
4 և ավելի երեխա ունեցող՝ «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետսյանը, մերժվել է գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Օրինագծի հեղինակին հատկապես ապշեցրել է իշխանական որոշ պատգամավորների պատճառաբանությունը, թե պետությունը պետք է աջակցի առաջին և երկրորդ երեխայի դեպքում, իսկ դրանից ավելի եթե բերում են, թող ոնց ուզում են՝ պահեն։ Բացի այդ նրանք ասել են՝ եթե 4 և ավելի երեխայի դեպքում աջակցություն սահմանվի՝ ընտանիքները երեխա կբերեն այդ աջակցության համար, ոչ թե գիտակցված ընտրությամբ։
«Նույնիսկ տեսակետ հայտնեցին, որ սկզբունքորեն դեմ են բազմազավակ ընտանիքների աջակցությանը․ սա բոլորովի նոր, անհասկանալի և վտանգավոր թեզ է, որ իշխող խմբակցությունն առաջ է տանում։ Այսինքն, իրենք փաստորեն մերժում են բազմազավակ ընտանիքի մոդելը, ասում են՝ պետությունը պետք է աջակցի առաջին և երկրորդ երեխային, եթե 4-րդ և 5-րդ երեխան են ունենում՝ իրենց որոշումն է՝ թող ինքնուրույն պահեն իրեց երեխային։ Սա բացարձակ հայ տեսակի, հայ մարդու և հայ ընտանիքի պատկերացումների և մոդելի մեջ չի մտնում, իշխանությունը հակադրվում է բազմազավակությանը և մինչև անգամ այս գաղափարը դատապարտում են»,-ասաց Թադևոս Ավետիսյանը, որը տարակուսում է՝ չէ՞ որ երրորդ երեխան է բնական աճը ապահովում։
Նախագծի մերժման պաշտոնական վարկածը, որը կառավարությունն է ներկայացրել, այն է, որ նմանօրինակ նախագիծ արդեն կա շրջանառության մեջ, պետք է դա կատարելագործել և ընդունել։ Թադևոս Ավետիսյանը, սակայն, չի հավատում, ասում է՝ հերթական ցրողական պատասխանն է, քանի որ այն մյուս նախագիծն էլ ինքն է մշակել դեռ 2017-ին՝ նախարարության աշխատանքային խմբում, բայց իշխանափոխությունից հետո դա դուրս է եկել շրջանառությունից և այլև չի քննարկվել։ Ինքն էլ որոշել է արդեն «Հայաստան» խմբակցությամբ առաջադրել բազմազավակ ընտանիքներին աջակցելու նախագիծը, որն իշխանությունը, փաստորեն, մերժեց դեռ ԱԺ լիագումար նիստ չմտցրած։
4 և ավելի երեխա ունեցող 13-14 հազար ընտանիք կա այսօր Հայաստանում։ Թադևոս Ավետիսյանի օրինագիծը նախատեսում է կոնկրետ պետական աջակցություն բազմազավակ ընտանիքներին, հինականում, օրինակ, առողջապահության պետական ապահովագրություն, բազմազավակ ընտանիքի աշխատող ծնողների համար եկամտահարկի, գույքի հարկի, հողի հարկի արտոնություններ, և պայման, որ բազմազավակ անապահով ընտանիքներում, ովքեր ստանում են անապահովության նպաստ, մեկ շնչի հաշվով նպաստի չափը չպետք է պակաս լինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Եվ նաև աջակցություն նրանց ինքնազբաղվածության ապահովմանը, ինչպես նաև ամենակարևորներից, որ բազմազավակ ընտանիքի երեխաների նաև կրթության համար աջակցությունը՝ ուսման վարձի առնվազն 70 տոկոսը, փոխհատուցվի։
«Օրենքի այս առաջարկը ոչ թե ընդհանուր, սովորական, հերթական նախագիծ է, այլ բխում է հենց Սահմանադրության պահանջներից․ դա է կարևորը, որ 2018 թ-ի ապրիլին արդեն ուժի մեջ մտած Սահմանդրության փոփոխությունները նախատեսում են, որ օրենքով պետք է սահմանվի բազմազավակ ընտանիքների աջակցությունը։ Սահմանադրության պահանջ է, որ մինչև օրս չի կատարվել։ Եվ երկրորդը՝ օբյեկտիվ իրավիճակը․ օրինակ, բազմազավակ ընտանիքների կեսը աղքատ ընտանիքներ են, ցավոք սրտի, այստեղ ավելի բարձր է գործազրկության մակարդակը։ Բազմազավակ ընտանիքում սոցալական խնդիրները բերում են նաև երեխաների կրթության ավելի ցածր արձանագրության, առողջապահական խնդիրների լուծման հետ կապված և այլն։ Այս նախագիծը համակարգված կերպով առաջարկում էր ծրագրային աջակցություն»,-ասաց պատգամավորը։
Նրան նաև զարմացրել է, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ կառավարությունը դեմ չէր արտահայտվում առաջարկվող աջակցության ձևերին, բայց հասկանալի դարձրեց, որ այդ աջակցությունը պետական բյուջեից փող է պահանջելու, իսկ իրենք պատրաստ չեն ադ գումարը տրամադրելու։ Այնինչ այս ծրագիրը ողջ ծավալով գործադրվելու դեպքում, նախագծի հեղինաների հաշվարկով, գնահատվել է ընդամենը 34 միլիարդ դրամ տարեկան։
Աննա Բալյան