Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչ այս պահը ոստիկանության տարածքային ստորաբաժանումը Գորիսի միջադեպի գործը քննող քննիչից քաղաքացիներ Տ. Խաչատրյանին եւ Դ. Ղեւոնդյանին բերման ենթարկելու վերաբերյալ հանձնարարություն չի ստացել: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, ՀՀ քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտարարեց, որ նման հանձնարարություն տրվել է: Նշենք, որ հիշյալ անձինք այս գործով հանդես են գալիս որպես վկաներ, սակայն մինչ այսօր նրանք չեն հարցաքննվել:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ այս գործով հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ հնարավոր ականատես վկաների, միջադեպին մասնակցած անձանց իրական շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա ծանուցագրեր են ուղարկվել տարբեր անձանց՝ հարցաքննության ներկայանալու։
Բացի այդ` որոշում է կայացվել՝ օրենքով սահմանված կարգով հարցաքննության չներկայացած անձանց, նրանց թվում՝ Տ.Խաչատրյանին, հարկադիր բերման ենթարկելու մասին։ Այսինքն` մինչ այս պահը միայն համապատասխան ծանուցագրեր են ուղարկվել վերոհիշյալ անձանց՝ բաժին ներկայանալու վերաբերյալ, իսկ բերման ենթարկելու որոշումը դեռևս չի իրականացվել: Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու հանձնարարություն տվել է նաև գործը վերահսկող դատախազը:
Ուշագրավ է, որ շարքային հանցագործությունների դեպքում ոստիկանություն-դատախազություն և քննչական կոմիտե համագործակցությունը ստացվում է, իսկ այս դեպքում, չգիտես` ինչու, հիշյալ կառույցների պատասխանատուները, օրենքին հղում տալով, ամեն կերպ փորձում են արդարացնել իրենց քայլերը: Արդյունքում` դեպքից 11 օր անց գործով անգամ կասկածյալ ներգրավված անձ չկա, իսկ վկաներին դեռ «փնտրում են»: