Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկություն տարածեց, որ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Շահում Դավթյանին: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Շ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նշենք, որ Շահում Դավթյանը հայտնի է Սյունիքում տեղի ունեցած այլ աղմկահարույց միջադեպերով: Նա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից է և Գորիսում իրեն քրեական հեղինակության պես է պահում:
Հիշեցնենք, որ Սդղի Գյոլի գործով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Մայիս Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը և հունիսի 15-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նշենք, որ Մայիս Խաչատրյանը՝ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր եղբոր` Հոպոպ մականունով Սերոբ Խաչատրյանի որդին է:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հոպոպը Սդղի գյոլում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող ամառանոցային համալիրի «նայողն» է, և դեպքը կատարվել է նրա անմիջական «վերահսկողությամբ»:
Ի դեպ՝ Մայիս Խաչատրյանի անվան հետ էլ են կապված Գուրիսում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպեր: Նրա մասնակցությամբ վերջին միջադեպը տեղի է ունեցել 2014-ի հունվարի 22-ին: Ըստ Գորիսի բաժնում ստացված հաղորդման՝ Յուրա Խաչատրյանն իր բարեկամի` Մայիս Խաչատրյանի հետ գնացել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղում գտնվող բենզալցակայան ու ծեծի ենթարկել Վիտալիկ Մեսրոպյանին ու Արթուր Հարությունյանին:
Ավելի վաղ yerkir.am-ը գրել էր, որ Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպին մասնակցել են նաև Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր՝ Աղալարի որդիները: