Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյայում, երբ ներկայացվում էր գլխավոր դատախազի` 2014թ. գործունեության զեկույցը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ շատերն են դարձել իրավապահ համակարգի զոհը, ստիպված լինելով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և Հայաստանում արդարադատություն իրականացնելու որակը ցածր է, կարելի է ասել, որ Հայաստանում արդարադատություն չի գործում:
Պատգամավորը կրկին հիշեցրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված քրեական միջադեպը: Եվ քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քննադատում էր նրան այն բանի համար, որ, առանց փաստեր ունենալու, մեղադրում է ոմանց, Զարուհի Փոստանջյանը որոշեց մեջբերել այն փաստաթուղթը, որում ներառված է փորձաքննության եզրակացությունը, թե Սուրիկ Խաչատրյանի տղան ինչ թմրամիջոցներ է օգտագործած եղել Բուդաղյանների հետ կապված դեպքի ժամանակ. երբ հարցրել են, թե ինչո՞ւ են նման թմրամիջոցներ հայտնաբերվել, Սուրիկ խաչատրյանի տղան պատասխանել է, որ իրենց ընտանիքում ընդունված է օգտագործել կանեփ:
«Մինչդեռ` կանեփի օգտագործումը` ուտելու միջոցով, չէր կարող մարդու օրգանիզմում նման թմրանյութեր առաջացնել, և, փաստորեն, եթե ինրանց ընտանիքում ընդունված է կանեփ օգտագործելը, ուրեմն Սուրիկ Խաչատրյանն էլ է դա օգտագործում»,- նշեց պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ վտանգավոր մթնոլորտ է ստեղծվել երկրում, ինչին գլխավոր դատախազությունը ոչ միայն չի միջամտում, այլև անուշադրության է մատնում, որովհետև, ըստ պատգամավորի, գլխավոր դատախազը «ոչ արդար» ակնկալիքներ ունի:
«Ոչ արդար ակնկալիքների մասով` ասեմ, որ Ձեր տեղակալին էլ է կառավարությունը նվիրաբերել բնակարան, որի արժողությունը հարյուր հազար դոլարից ավելի է: Դուք ծառայում եք իշխանությանը, հետևաբար, Ձեզ նման նվերներով փորձում են սիրաշահել: Դուք այսօր, իհարկե, պաշտպանում եք քրեաօլիգարխիկ շահերը, Դուք նշանակված եք Սերժ Սարգսյանի կողմից, որ նրա քաղաքականությունն իրականացնեք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հիշեցնելով Պերմյակովի կատարած դաժան սպանությունը, երբ Կոստանյանը խոստացավ միջոցառումներ ձեռնարկել, սակայն այդպես էլ ոչինչ չարեց:
Պատգամավորը քննադատեց գլխավոր դատախազին` ասելով, որ նա հովանավորում է Սուրիկ Խաչատրյանին ու դրա համար օրերից մի օր կենթարկվի պատասխանատվության:
Նա կոչ արեց գլխավոր դատախազին` դուրս գալ պատվերի շրջանակից ու քննություն սկսել պատվեր տվողի նկատմամբ: «Երևի բնակարաններից մեկն էլ Ձեզ են նվիրաբերել, այն գտնվում է Արաբկիր համայքնում, որտեղ Դուք բնակվում եք: Այն կառուցվել է ապօրինի հողհատկացման միջոցով, երբ հաստափոր ծառերը կտրեցին ու Ձեզ էլ բնակարան հատկացրեցին: Դա սխալ է»,- ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահը արձագանքեց Զարուհի Փոստանջյանի ելույթին. «Մեր խոսափողները մեղք են, մեղք»: