Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարություն Ավագյանի պատմությունը
Բոլու
Ընկերների կյանքը փրկելով և Քարվաճառի 19.01 բարձրունքն անառիկ պահելով՝ 1994թ. հունվարի 31-ին զոհված Աշոտ Չախոյանի մայր¸ Արցախյան ազատամարտը և նրա հերոսների սխրանքները ներկայացնող Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» հաղորդաշարի և նույնանուն մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանն ArmenianGenocide100.org-ին է փոխանցել իր եղեռնազարկ ընտանիքի պատմությունը:
«1920 թվականին սկսվեց Բոլու քաղաքի ջարդը, որը անթաքույց՝ բարեկեցիկ ու քաղաքակիրթ էին դարձրել հայերը, իսկ պապիկս՝ Հարություն Ավագյանը, որը քաղաքի նշանավոր վաճառականն էր, քաղաքը հագեցրել էր եվրոպական կահ-կարասիով, հագուստով և անհրաժեշտ այլ իրերով: Պապիկիս, որին հարգանոք՝ Արթին փաշա էին ասել թուրքերն ու մեծարել, 1918 թվականին «թուրքի զինվոր» են տարել՝ ինչպես տատիկս էր ասում և հայկական մի եկեղեցում մի քանի տասնյակ հայ զորակոչիկների հետ այրել։ Այդուհետ էլ տատիկիս՝ փարիսեցիաբար «մեծարել» ՝ Արթին աղայի տիկին, ասելով։
-Երբ սկսվեց Բոլուի ջարդը – պատմում էր տատիկս, -ես, հարազատներից մի քանիսին ու զավակներիս առած, մտա մեր տան նկուղն ու այնտեղից սկսեցի հետևել չեթեների անցուդարձին, որ մեր տան մոտով գնում-գալիս ու մազերից, շորերից քարշ տալով՝ տանում էին կանանց ու աղջիկներին։
Նկուղում նոր մայրացած մի կնոջ գրկում բարուրված մանկիկ կար, որն սկսեց լալ ու վտանգ կար բացահայտվելու։ Մայրը վախից ուշաթափվել էր։ Տատիկս իսկույն գրկել է մանկիկին ու իր կրծքով լռեցրել նորածնին։ Քսանամյա տարիքում՝1918 թվականին (տատիկիս տարիքը մեծացրած՝ 1890 թիվ են գրել, որպեսզի կարողանան վաղ տարիքում ամուսնացնել) այրիացած կինը, հնարամտորեն՝ գիշերով, ծանոթ բակերով դուրս է գալիս քաղաքից՝իր հետ հանելով նաև նկուղում պատսպարված մի քանի հայերի։
Բոլուից դուրս է գալիս մի կածանով, որի մի կողմում անացանելի անտառ է եղել, մյուս կողմում՝ գահավիժող ձոր՝ Բոլուում թողնելով իր ամբողջ ունեցվածքն ու տաք ջրերի այն ավազանները, որոնք կիրառելի էին դարձել պապիկիս՝ Հարություն Ավագյանի վաստակով։
Մայրական կողմի տատիկս՝ Փառանձեմ Ավագյան-Հոբյանը երեք զավակի՝ վեցամյա մորաքրոջս՝ Ազատուհու, քառամյա մորս՝ Վազգանուշի և երկամյա որդու՝ Առաքելի հետ մազապուրծ, փախչում է այրվող ու մարդկանց ճիչ ու աղմուկով լցված քաղաքից՝ քաջածանոթ լինելով բոլոր անանցանելի կածաններին։ Հասնում է Հունաստան ու տարիներ անց՝ գալիս Երևան և Երևանում 1942 թվականին՝ Երկրորդ աշխարհամարտում անհայտ կորածի «թուղթ» ստանում որդու՝ Առաքել Ավագյանի մասին, որը պատերազմ էր մեկնել N6 դպրոցի ֆիզդաստիարակ աշխատելիս՝ կամավոր։
Շատ հաճախ էր տատիկս հառաչելով՝ ասում.
– Քանի՜-քանի՜ անբուժելի թուրք բուժեցի դեղաբույսերով։ Փրկեցի մահից։
…Չգիտեր՝ զղջար, ամաչեր, թե… Այ, այդ «թե-ն» ժառանգություն մնաց մեզ՝ ապրողներիս»։