Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-05-05 13:16
Հասարակություն

Պապիս քույրերին կապել են ծառին ու այրել

Պապիս քույրերին կապել են ծառին ու այրել

Արտաշ Պողոսյանի պատմությունը

1911 թ.

 

Արմինե Պողոսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Նա պատմել է, որ 4-5 տարեկան է եղել, երբ սկսվել է ջարդը: Թուրքերը նրա երեք քրոջը կապել են ծառին ու հենց իր աչքի առաջ այրել:

 

«Պապիս հիշում եմ տխուր ու արցունքակալած աչքերով: Փոքր էի այն ժամանակ, չէի հասկանում ու պատկերացնում իր ցավը: Պատմում էր՝ երբ ինքը եղել է 4-5 տարեկան տղա, սկսվել է ջարդը: Ընտանիքը բազմանդամ է եղել: 4 երեխա են եղել՝ ինքն ու երեք քույրը՝ Շուշիկ, Նուսիկ, Լուսիկ:


Մորս պատմելով, երբ ծնվում է իմ մեծ քույրը, պապս անվանակոչում է իր քրոջ անունով՝ Շուշիկ: Երբ ծնվում եմ ես, պապս ասում է, որ կրեմ իր երկրորդ քրոջ անունը, բայց մայրս չի համաձայնվում՝ պատճառաբանելով, որ պատմությունը կկրկնվի:

 

Ցավով էր հիշում ու արտասվում, որ իր 3 քրոջը կապել են ծառին ու այրել իր աչքի առաջ: Ընտանիքից միակ փրկվածը եղել է պապս, որին պահել է թուրք հարևանը. չգիտեմ՝ խղճալով թե՝ որդի չունենալու պատճառով: Հետագայում տեղափոխվում են Մառնեուլի շրջան, բնակություն հաստատում այնտեղ: Պապս, դառնալով պատանի, վերադառնում է Հայաստան, բնակություն հաստատում Գյումրիում: Իր  անուն-ազգանունն էր Քարտաշ Սանամօղլի Մեգրալի. Հայաստանում դարձավ Արտաշ Սանամօղլյան: Նա մահացավ 1989 թվականին»: