Հարություն Փանոսյանի պատմությունը
1906 թ., Սեբաստիա, Չիֆթլիկ
Հարություն Փանոսյանի պատմությունը
1906 թ., Սեբաստիա, Չիֆթլիկ
Նինա Մովսիսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Ապագա մանրէաբանը փոքր է եղել, երբ գյուղում լուր է տարածվել, թե թուրքերը կոտորում և վառում են հարակից գյուղերը, սպանել են բոլոր հայ տղամարդկանց:
«Պատմությունը մորական կողմից պապիս մասին է, որը մոտ 10 տարեկան էր, երբ սկսվեց այդ դժոխքը: Ես նրան չեմ տեսել, իսկ պատմությունը լսել եմ մորիցս:
Պապս փոքր է եղել, երբ գյուղում լուր է տարածվել, թե թուրքերը կոտորում և վառում են հարակից գյուղերը, սպանել են բոլոր հայ տղամարդկանց: Պապիկս հայտնաբերել էր մի փոս, որտեղ գտել էին այդ գյուղի տղամարդկանց գլխատած դիակները: Թուրքերը չէին խնայում ոչ մեծահասկա, ոչ էլ երեխա: Պապիկս իր մոր և քույրերի հետ ճանապարհ է ընկել: Թուրքերը նրանց գտել են, առանձնացրել տղամարդկանց ու տղա երեխաներին և տարել անհայտ ուղղությամբ: Պապիկիս տղամարդկանց հետ ուղեկցել են մինչև բաց դաշտ, որտեղ պետք է գնդակահարեին բոլորին:
Պապիկս, երբ գիտակցության է եկել, հասկացել է, որ կենդանի թաղված է դիակներով լի հերթական փոսում: Բախտավոր էր. գնդակները նրան չէին դիպել:
Այդպես սկսվեց պապիկիս քոչվորի կյանքը: Ճանապարհին շատ փորձությունների հանդիպեց՝ բարի և դաժան թուրքեր, հարևաններ, որոնք կրկին փորձում էին փրկվել: Հարևաններից մեկը պապիկիս ասել է, որ տեսել էին նրա մորը՝ փոքրիկ դստեր հետ ձորը նետվելիս:
Մի քանի տարի հետո, հատելով Վրաստանի սահմանը, պապս հասավ Արևելյան Հայաստան: Իր ցավն ու դառնությունները չխանգարեցին նրան դառնալ շատ բարի, անկեղծ մարդ, կազմել ամուր և բազմազավակ ընտանիք, ապրել երջանիկ, իրականացնել իր հոր երազանքը՝ ստանալ կրթություն և դառնալ խելացի, հասարակությանը պիտանի մարդ: … Հարություն Կարապետի Փանոսյան՝ մանրէաբան, ՀԽՍՀ մանրէաբանության դպրոցի հիմնադիրներից: Կենսբանական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1947), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966)»: