կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-08 13:24
Աշխարհ

Մարդիկ պատրաստ չեն երկարաժամկետ տառապանքի. Սերժ Սարգսյանը «Washington Post»-ին բացատրել է ՀՀ-ի ընտրությունը

Մարդիկ պատրաստ չեն երկարաժամկետ տառապանքի. Սերժ Սարգսյանը «Washington Post»-ին բացատրել է ՀՀ-ի ընտրությունը

«Ինչո՞ւ Հայաստանը Արևմուտքի փոխարեն շրջվեց դեպի Ռուսաստան» վերնագրված հոդվածում The Washington Post-ի խմբագիրներից Ֆրեդ Հայաթը գրել է.

 

«Ուկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումից շատ չանցած, ինչն արագացրեց Ռուսաստանի հետ ճգնաժամը, Հայսատանը՝ Ուկրաինայի փոքր հարևանը հարավում, այլ որոշում կայացրեց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր երկիրը ցանկանում է առևտուր անել Եվրասիական տնտեսական միության՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ, այլ ոչ թե` ԵՄ-ի»:

 

Ըստ խմբագրի՝ Սարգսյանը, ով Վաշինգտոնում է եղել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար, մեկ օրինակով բացատրել է այդ քայլը: Նա հայկական կոնյակի մասին օրինակում նշել է, որ այն չի կարող վաճառվել Փարիզում, սակայն կարող է՝ ՌԴ-ում:

 

«Այլ կերպ ասած՝ Սարգսյանը նշեց, որ պրագմատիկ որոշում է կայացրել»,- գրել է Հայաթը:

 

Ըստ հեղինակի` Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շարունակում է լավ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, սակայն ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը Եվրոպայի հետ շահավետ չէր լինի, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ մնում է փակ:

 

Հայաստանի նախագահը Հայաթի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա 10-15 տարի՝ օգտվելու համար Եվրոպայի հետ ազատ առեւտրի ռեժիմից, բայց, նրա խոսքով, «միևնույն ժամանակ, պետք է գոյատևել:

 

«Այս ընթացքում մարդիկ պատրաստ չեն տառապել երկար ժամկետով»,- ասել է Սարգսյանը` հավելելով. «Եթե մենք չանդամակցեինք ԵՏՄ-ին, պետք է բախվեինք ավելի ցավալի խնդիրների»:

 

Նա ասել է, որ այցի ընթացքում չի հանդիպելու նախագահ Բարաք Օբամայի հետ, սակայն ինքը դիվանագիտական տեսանկյունից հասկանում է, թե ինչու ԱՄՆ նախագահը, հաշվի առնելով թուրքական առարկությունները, դարձյալ հրաժարվել է օգտագործել «Ցեղասպանություն» բառը՝ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ հանցագործությունները բնութագրելու համար:

 

«Կարծում եմ, որ եթե ասեր, օգտակար կլիներ: Միացյալ Նահանգները պետք է արժեքները շահերից վեր դասի»,- ասել է ՀՀ նախագահը: