կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-07 17:39
Առանց Կատեգորիա

Ադրբեջանը սպառնում է պատերազմով, իսկ Հայաստանը ննջում է

Ադրբեջանը սպառնում է պատերազմով, իսկ Հայաստանը ննջում է

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը գնահատել է «համեմատաբար հանգիստ»: «Կրակոցները քիչ են, հարևանի կողմից սադրանքի փորձեր չկան: Երևի թե կարող է ազդած լինել երկու հանգամանք: Առաջին՝ Ադրբեջանում առկա քաղաքական իրավիճակը։ Երկրորդ՝ իրականում մեր հարևանները հասկանում են, որ պետք չէ գնալ այդ քայլերին, պետք է մտածել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին...»,- ասել է նա:

 

Թե ինչու և ինչպես պետք է Ադրբեջանում առկա քաղաքական իրավիճակն ազդեր դրության վրա, ուղղակի անհասկանալի է: Այդ երկրում հաստատված ալիևյան սուլթանության և ընդդիմության` փաստացի ոչնչացման պայմաններում ավելի կայուն ներքաղաքական իրավիճակ, քան հիմա է, թերևս չի եղել ընդհանրապես: Եթե Օհանյանը նկատի ունի, ներքին ռեպրեսիաներով պայմանավորված, Բաքվի նկատմամբ դրսևորվող արտաքին ճնշումները, ապա, որքան էլ դրանք կոշտ լինեն, երբեք չեն պայմանավորվել ու չեն պայմանավորվում սահմանային իրավիճակով:

 

Բայց ամենաաբսուրդայինը Օհանյանի բերած երկրորդ «հիմնավորումն» է, թե մեր հարևանները հանկարծ խելոքացել են ու հասկացել, որ պետք է ոչ թե ռազմական սադրանքների դիմել, այլ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Ի՞նչն է նման համոզման հիմք տվել: Վերջին ռազմական պրովոկացիան՝ ֆուգասային ականը հեռակառավարմամբ գործողության մեջ դնելն ու այդ ընթացքը նկարահանելը, ադրբեջանական զինուժն իրականացրել է ընդամենը ապրիլի 22-ին: Այսինքն` շփման գծում հարաբերական խաղաղությունն ընդամենը երկու շաբաթվա պատմություն ունի:

 

Արդյոք այդքանը բավարա՞ր է՝ եզրակացնելու, թե հակառակորդը փոխել է ռազմավարությունը և խաղաղություն է ուզում: Եվ դա այն դեպքում, երբ հայկական կողմը նույնիսկ ապրիլքսանչորսյան միջոցառումներից հետո փաստացի ոչինչ չձեռնարկեց ոչ միայն ադրբեջանական այդ՝ իր հանդգնությամբ նախադեպը չունեցող սադրանքին, այլև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ այդ սադրանքների լիարժեք պատասխանատվությունը ստանձնելու մասին` Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը պատասխանելու համար:

 

Ընդամենը երկու օր առաջ՝ ապրիլի 5-ին, ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններն ապօրինի ճանաչելու մասին` Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ Բաքուն իրեն թույլ էր տվել բացահայտ սպառնալ Հայաստանին: «Ադրբեջանը կրկին ընդգծում է, որ երբեք չի համակերպվելու իր տարածքների օկուպացման հետ: Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա՝ իր` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ցանկացած գործողության, որոնց Ադրբեջանը ստիպված կլինի դիմել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար՝ կապված այդ տարածնքներում Հայաստանի զինված ուժերի ապօրինի ներկայության և անօրինական գործունեության հետ, հետևանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի վրա»,-ասվում է այդ հայտարարության մեջ:

 

Թե նման տոնայնությամբ հայտարարությունների պարագայում ինչպես է հնարավոր մտածել հակառակորդի կողմից ինչ-որ բան հասկանալու, խելքի գալու մասին, նաև` դրա վրա հասարակական զգոնությունը ննջեցնելու, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Իրականում առկա է ճիշտ հակառակ իրավիճակը:

 

Նման սպառնալիքները, նախահարձակ ռազմական գործողսւթյունների համար միջնորդների մոտ անկաշկանդ պատասխանատվություն ստանձնելը, վերջին շրջանում Թուրքիայի հետ աննախադեպ ինտենսիվությամբ անցկացվող զորավարժությունները, սպառազինման շարունակումը բոլոր հիմքերը տալիս են` եզրակացնելու, որ եթե Ադրբեջանը նույնիսկ չի գնում խնդիրը բացահայտ կերպով պատերազմի միջոցով լուծելու ճանապարհով, ապա իրավիճակը հետևողականորեն լարելու, բախումների մասշտաբները և դրանցում զորամիավորումների տեսակները ընդլայնելու փաստացի շանտաժային մարտավարություն է վարում:

 

Ներկայիս հարաբերական խաղաղությունը ժամանակավոր է և ունի շատ պարզ բացատրություն: Հունիսին Բաքվում կայանալու են Եվրոպական առաջին խաղերը, և Ադրբեջանի իշխանություններն անելու են ամեն ինչ՝ դրանք առանց խոչընդոտների անցկացնելու համար: Բաքվում լավ հասկանում են, որ եթե ապրիլի 24-ին, ապա գուցե նաև մայիսյան տոների երևանյան միջոցառումների շրջանում փորձեն դիմել պրովոկացիաների, դիվերսիոն հարձակումների, ապա հունիսին հայկական կողմն իր տրամադրության տակ մոտ երեք շաբաթ ունենալու է՝ խաղերն Ադրբեջանի գլխին «հարամ» անելու համար: Եվ երբ այդ խաղերն ավարտվեն, ոչինչ այլև Բաքվին չի կաշկանդելու` առնվազն վերադառնալ նախկին մարտավարության:

 

Դա լավ հասկանում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք փորձում են կանխել նման ընթացքը՝ գոնե այս տարվա մեջ մեկ անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու միջոցով: Անցած շաբաթ Փարիզում, կարծես, նրանց հաջողվել է այս կապակցությամբ ստանալ թե' Էդվարդ Նալբանդյանի և թե' Էլմար Մամեդյարովի համաձայնությունը, թեև փաստ չէ, որ այդ հանդիպումը կհաջողվի գլուխ բերել: Որովհետև ավելի հավանական է, որ Բաքուն հիմա միջնորդներին նման ընդառաջող քայլեր է կատարում` զուտ այս երկու ամիսները բարեհաջող անցկացնելու երաշխիքներ ստեղծելու համար:

 

Բաքվի այս նյարդայնությունն օբյեկտիվ հիմքեր ունի: Նախ՝ հունիսից հետո սկսվելու են գյուղատնտեսական աշխատանքները, որոնք արդբեջանցի դիրքապահների համար դաշտերում աշխատող սահմանամերձ խաղաղ հայ բնակչությանն ահաբեկելու, նրանց վրա կրակելու գայթակղություն է առաջացնում` ստիպելով հայկական կողմին դիմել համարժեք գործողությունների, ինչը մեծացնում է ռազմական արկածախնդրության դաշտը:

 

Երկրորդ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և դրա հետևանքով Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավումը հավակնում է այս երկու գերտերություններին հարավկովկասյան տարածաշրջանում դարձնել անուղղակի դաշնակիցներ՝ հավասարակշռելով ռուս-թուրքական տանդեմին: Այդ հավասարակշռումը ոչ միայն հանգեցնելու է Բաքվի դիրքերի թուլացման, այլև բացելու է Հայաստանի հարավային դարպասները՝ փաստացի նվազագույնի հասցնելով վերջինիս շրջափակման քաղաքականության արդյունավետությունը:

 

Դրան զուգահեռ նավթի միջազգային գները դեռևս բարձրանալու միտումներ ցույց չեն տալիս՝ միլիարդավոր դոլարների վնաս հասցնելով Ադրբեջանին և լրջորեն հարվածելով նրա տնտեսությանը: Այս իրողությունները ցայտնոտի մեջ են գցում Բաքվին, որովհետև պարզ է դառնում, որ որքան ձգձգվում է այս ընթացքը, այնքան նվազում են հարցն իրենց օգտին լուծել ստիպելու հնարավորությունները: Այսինքն` Բաքվում գիտակցում են, որ ժամանակն այս պահին իրենց օգտին չի աշխատում:

 

Այս հանգամանքը պետք է ստիպի հայկական կողմին՝ սպասելու ամեն տիպի արկածախնդրության: Ի վերջո, անկյուն քշվածից և խուճապի մատնվածից է, որ կարելի է սպասել ամեն ինչ:

 

Գևորգ Դարբինյան