կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-07 16:02
Տարածաշրջան

Էրդողանն ընդդիմությանը սպառնում է քաղաքացիական պատերազմով, իսկ ընդդիմադիր թերթը փողոցային պայքարի կոչ է անում` ակնարկելով Ղազախստանը. ինչ են գրում թուրքական թերթերը

Էրդողանն ընդդիմությանը սպառնում է քաղաքացիական պատերազմով, իսկ ընդդիմադիր թերթը փողոցային պայքարի կոչ է անում` ակնարկելով Ղազախստանը. ինչ են գրում թուրքական թերթերը

Թուրքական ԶԼՄ-ները Ղազախստանում բողոքի ցույցերի և զանգվածային անկարգությունների սկսվելուց միայն օրեր անց անդրադարձան դրանց։ Hürriyet-ը և Sabah-ը հպանցիկ են ներկայացրել իրադարձությունները, իսկ մերձիշխանականներն անտեսել են դրանք: Մյուս կողմից՝ ընդդիմադիր Cumhuriyet թերթը հանդես է եկել բավական «սադրիչ» (թուրքական տեսանկյունից) վերնագրով` «Թանկացումները իշխանությունից զրկեցին կառավարությանը»։

Հիշեցնենք, որ Թուրքիան նոր տարին դիմավորել է էլեկտրաէներգիայի 25%, գազի գնի՝ 50% թանկացմամբ, ուստի ընդդիմադիր ԶԼՄ-ի հրապարակման մեջ հստակ ակնարկ կա:

Նույն օրը քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն պնդել է, որ Թուրքիայի նախագահը սադրում է ընդդիմությանը՝ փողոց դուրս գալ՝ բողոքի ցույցերի, բայց նրանք դա չեն անի... Նա այս խոսքերն ասել է այն բանից հետո, երբ Էրդողանը գրեթե սպառնացել է քաղաքացիական պատերազմով։ «Նրանք (ընդդիմությունը) չեն ամաչում ու մեզ վախեցնում են փողոցային բողոքի ակցիաներով։ Դուք մոռացե՞լ եք հուլիսի 15-ի մասին (հեղաշրջման փորձ 2016թ.): Այդ ժամանակ ժողովուրդը նրանց դաս տվեց. դուրս եկեք փողոց, և ժողովուրդը ձեզ նույն կերպ դաս կտա»,- ասել է Էրդողանը, և նրա այս խոսքերը վրդովմունք են առաջացրել Թուրքիայում:

Կառավարամետ Yeni Şafak-ը գրում է. «Ղազախստանում արտակարգ դրություն է։ Հունվարի 10-ի նախօրեին, երբ նավթով հարուստ երկրում՝ Ղազախստանում, պետք է կայանար Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը, իբր հեղուկ գազի գնի թանկացման պատճառով տեղի ունեցան անկարգություններ։ Չնայած այն հանգամանքին, որ թանկացումը հետ է կանչվել, բողոքի ակցիաները շարունակվել են։ Ցուցարարները գրավել են Նուրսուլթանի, Ալմաթիի և Ակտաուի օդանավակայանները»։ 

Թուրքական այլ թերթերի անդրադարձը ղազախական իրադարձություններին.

  • Diriliş Postası (կրոնական, իշխանամետ). «Վառելիքը քաոսի պատրվա՞կ է»։

  • «Türkiye» (ազգայնական) թերթն ակնարկում է ցույցերի մեջ ներգրավված «թաքնված ձեռքի» մասին. «Թյուրքական խորհրդի անդամ Ղազախստանում գազի գնի թանկացման արձագանքը վերածվել է հակահամակարգային ապստամբության։ Ցուցարարներն ամենուր հրդեհել և թալանել են»։

  • Birgün (լիբերալ ձախ, ընդդիմադիր). «Չնայած նավթով հարուստ Կենտրոնական Ասիայի երկրում՝ Ղազախստանում, գազի թանկացումների չեղարկմանը՝ մարդկանց զայրույթը շարունակվում է»: