Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ տարի է անցել 44-օրյա պատերազմից, պատերազմից, որը դարձել է ազգային աղետ հայ ժողովրդի համար։ Ծանր պարտությունը մի շարք հարցեր է առաջացրել, և, ցավոք, այս մեկ տարվա ընթացքում որևէ հարցի տրամաբանված կամ ողջամիտ պատասխան մեր հանրությունը չի ստացել։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահը հնչեցրեց հարցեր, որոնց պատասխանները դեռևս հանրությունը չի ստացել․
«Առաջին և ամենից կարևոր հարցը՝ արդյո՞ք պատերազմը անխուսափելի է եղել, թե՞ պատերազմը հրահրվել է միտումնավոր կամ, մեղմ ասած, քաղաքական միամտությամբ։ Ընդհանրապես, յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր կառավարություն մինչ պատերազմ սկսելու որոշում կայացնելը պետք է անի և անում է բավական խոր վերլուծություն․ առաջին հերթին համադրում են իրենց զինված ուժերի հնարավորությունը հակառակորդի ԶՈւ-ի հետ, համադրում են, փորձում գնահատել այդ երկրի ներքաղաքական իրավիճակը՝ արդյո՞ք ունակ է այդ երկիրը կոնսոլիդացնել իր հասարակությունը։ Փորձում են հասկանալ հակառակորդ երկրի կառավարության ունակությունները՝ արդյո՞ք սա այն կառավարությունն է, որը կարող է կառավարել պատերազմը։ Հաջորդ քայլը՝ փորձում են հասկանալ, թե ինչպես կպահեն իրենց հակառակորդի դաշնակիցները և այն ռազմաքաղաքական միավորումները, որոնց կազմում է գտնվում իրենց հակառակորդը։ Սա ուղղակի դասական վերլուծություն է, առանց դրա որևէ նման կարգի որոշումներ չեն կայացվում, և երբ որ այդ փաստերը իրենց համար բարենպաստ ձևով համընկնում են, որոշում է կայացվում պատերազմ սկսելու համար։ Սա այբուբեն է, պետական կառավարման այբուբեն»,- նշեց երկրորդ նախագահը։
Ըստ նրա՝ 2018 թվականից սկսած, ՀՀ կառավարությունը արել է ամեն ինչ, որ բոլոր այդ հանգամանքները համընկնեն, և Ադրբեջանը իրավիճակը գնահատի որպես պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծի։
«Փակուղի են մտցրել բանակցային գործընթացը։ Իրարամերժ հայտարարություններով երեք տարում երեք տարբեր մոտեցում որդեգրելով՝ առաջացրել են Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ։ Ձևավորվել է կարծիք, որ շուստրիության տարբերակով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից։ Վարկաբեկել են բանակը տարբեր քրգործերով, բաժանել են հասարակությունը սևերի- սպիտակների, և ցույց ենք տվել, որ, կառավարման տեսանկյունից, քաոտիկ, ոչ սիստեմի բերող կառավարություն է գործում Հայաստանում, իսկ պատերազմի ժամանակ նման կառավարման ոճն ուղղակի մահացու է երկրի համար։ Փչացրել են հարաբերությունները ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հետ։ Հայտնի է նաև այս փաստը և հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը, որպես միավոր, որևէ ակտիվ մասնակցություն այս ամենի մեջ չի ունենալու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ այդ սխալների պատճառով ՀՀ-ն հայտնվեց մեկուսացման մեջ, և ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար։ «Տպավորությունն այնպիսին էր, որ մենք ԱԳՆ չունենք, թեպետ մենք ունեինք և շարունակում ենք ունենալ փորձառու դիվանագետներ, բայց, որպես կառույց, ուղղակի այն գոյություն չուներ»,- ասաց երկրորդ նախագահը։