Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ 1.5 տարի քննություն իրականացնելն ինչքանո՞վ է ողջամիտ։ Հետաքրքիր կլիներ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեսնել պարզաբանում՝ ինչու է այսքան տևում քննությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հայտնի գաղտնալսումների գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը։
«Հետաքրքիր կլիներ ստանալ հարցի պատասխան՝ եթե արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, միջամտելու հանցակազմի հատկանիշներով էլ է քննություն իրականացվում, ինչպե՞ս է, որ Ռոբերտ Քոչարյանը տուժող չի ճանաչվել։ Ամենաշատն այդտեղ հիշատակվում է հենց Ռոբերտ Քոչարյանի անունը, Ռոբերտ Քոչարյանի գործը»,-նշեց Արամ Վարդևանյանը՝ նկատելով ինչպես է, որ Ռոբերտ Քոչարյանը չունի տուժողի դատավարական կարգավիճակ, ընդ որում, նման միջնորդություն ներկայացվել է.
«Գործընկերներս նման միջնորդություն ներկայացրել էին և այն մերժվել էր։ Այդ պարագայում ինչ ուղղությամբ է քննությունը գնում, ինչ տրամաբանությամբ է գնում։ Ինձ համար այս հարցերն անհասկանալի են»,-հավելեց Արամ Վարդևանյանը, ում կարծիքով ՔԿ-ի կողմից տարածած հաղորդագրությունը պետք է շատ մանրակրկիտ լիներ, քանի որ գրեթե 2 տարի քննվող քրեական գործ է, այն էլ՝ աղմկահարույց գործ։
«Նույնիսկ այս գործի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով էր ձևավորվել ԱԺ-ում, այսինքն սրա հանրային հնչողությունը շատ բարձր էր։ Ըստ էության՝ Ռոբերտ Քոչարյանի մինչ օրս առկա կալանավորումը հենց այն կալանավորումն է, որն ամենասկզբում տվել է առաջին ատյանի դատարանի դատավորը»,-ասաց սահմանադրագետը։
Արամ Վարդևանյանի համար անհասկանալի է ինչ ծավալով քննչական գործողություններ են իրականացվել և իրականացվում։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, սակայն, չկա այս և այլ հարցերի պատասխաններ։
Նշենք, որ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել և հայտնել՝ հարցաքննվում է Քննչական կոմիտեում։
Քիչ առաջ ՔԿ լրատվական ծառայությունը հաղորդագրություն հրապարակեց, որից վերջապես հայտնի դարձավ, թե վարչապետը քրեական որ գործի շրջանակներում է հարցաքննվել։ Պարզվում է՝ վարչապետը հարցաքննվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների հետ կապված քրեական երկու գործերի շրջանակում։
Նիկոլ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում էլ ՀՀ վարչապետը հարցաքննվել է որպես տուժող։ Երկու հարցաքննությունները տևել են 2 ժամ 35 րոպե։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան