Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-05-05 13:13
Տնտեսական

Հայաստանում աղբահանումը կազմակերպելու համար 3,5 միլիոն եվրոյի վարկ են վերցնում

Հայաստանում աղբահանումը կազմակերպելու համար 3,5 միլիոն եվրոյի վարկ են վերցնում

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով նիստում քննարկման դրվեց մի համաձայնագիր, ըստ որի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՀՀ-ին տրամադրում է 3,5 միլիոն եվրոյի վարկ: Վարկի նպատակն է աջակցել ՀՀ-ին կոշտ կենցաղային աղբի հավաքման ծախսերի ֆինանսավորման, թափոնների հավաքման, բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձեռք բերման, ինչպես նաև աղբավայրի կառուցման համար:

 

ՏԿԱԻ նախարարի տեղեկալ Վաչե Տերտերյանը կարծիք հայտնեց, որ ինքը բիզնեսի տեսանկյունից հաստատ չէր անի այդ ծրագիրը, որովհետև բիզնես հետաքրքրությունները սպանում են: «Կանեի, եթե կարողանայի որակյալ ծառայություն մատուցել, սակագին բարձրացնել: Վերջին հաշվով` աղբահանությունը հանրային, պետական խնդիր է: Փորձել ենք ծրագիրը մշակել այնպես, որ չբարձրացնենք գինը, հակառակ դեպքում` ավելի լավ աղբահանություն կունենայինք ու կբարձրացնեինք: Գոնե այս պահին, երբ ծրագիրը մշակել ենք, խնդիր է դրվել առաջիկա 5 տարվա համար չբարձրացնել գինը: Իսկ պատկերացնելի լավագույն սահմանը, եթե անգամ բարձրանա 6 կամ 7 տարի անց, կլինի 400-450 դրամ»,- ասաց նա՝ հավելելով, որ վարկը նպաստելու է Հայաստանում աղբահանման գործընթացի կազմակերպմանը:

 

«Ֆինանսական ներգրավման խնդիր չունենք: Իրականում խնդիրն ակնհայտ է, որ մենք երկրում ունենք աղբահանության կազմակերպման խնդիր: Ես կարծում եմ, որ հրատապ է, ըստ իս` աղբահանության չկազմակերպման խնդիրը դարձել է էկոլոգիայի և մշակույթի խնդիր»,- հավելեց փոխնախարարը:

 

Նա նաև նշեց, որ այս պահին Հայաստանում աղբահանությամբ զբաղվող ընկերությունները գործում են առանց լիցենզիայի:

 

«Այս ծրագիրը մենք պետք է մեծացնենք և պետք է բանակցենք, որպեսզի Գեղարքունիքի մարզը բերենք այս ծրագրի մեջ, որովհետև Սևանն աղբի ձևավորման գործում ամենամեծ տարածքն է զբաղեցնում, ուստի` Սևանի ավազանի բոլոր համայնքները պետք է միացնենք այս ծրագրին»,- ասաց Տերտերյանը և հավելեց, որ Հայաստանում աղբահանման գործընթաց կազմակերպելը բավական բարդ գործընթաց է: «Աղբահանման գործընթացը բարդ է` կախված ճանապարհների, երկաթուղու բացակայության հետ: Համենայն դեպս, ինչ-որ սխեմաներ արդեն երևում են»,- եզրափակեց նա: