կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-29 16:48
Քաղաքական

Վարչապետը փոփոխություններ անելու ցանկություն ունի. ԲՀԿ-ական պատգամավոր

Վարչապետը փոփոխություններ անելու ցանկություն ունի. ԲՀԿ-ական պատգամավոր

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջիկայում Հովիկ Աբրահամյանի կառավարման փոփոխության հավանականությանը, համոզմունք հայտնեց, որ այն փոփոխության չի ենթարկվելու, քանի որ հեռանալու իրական դրդապատճառներ և հեռանկարներ չկան:

 

«Իրականում երկրում կատարվող փոփոխությունները բավարար չեն, որպեսզի դրական փոփոխությունները տեսնենք մեր մաշկի վրա: Բայց նաև անարդար կլինի ասել` երկրի վարչապետը չկա և չի ցանկանում փոփոխություններ իրականացրել: Ես տեսնում եմ այդ` փոփոխություններ անելու ցանկությունը վարչապետի մոտ»,- ասաց նա` հավելելով. «Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կարողացավ ավելի շատ համախմբված աշխատել, սակայն մեր երկիրն այժմ ծանր վիճակում է գտնվում, և մեկ անձը չի կարող այս վիճակը լուծել: Մեզ պետք է համազգային, ինստիտուցիոնալ մոտեցումներ ցուցաբերել ` օրենսդիր, գործադիր, մշակուային, սոցիալ-տնտեսական ոլորտներում»:

 

Ըստ Վահան Բաբայանի`կառավարության գործիչների փոփոխություններով կարող են լինել որոշակի դրական բաներ, բայց կարծել, որ գլոբալ իմաստով կարող ենք փոփոխությունները զգալ, առնվազն միամտություն է: «Մեր երկիրը կանգնած է շատ ծանր մարտահրավերների առջև: Չմոռանաք Ռուսատանի նկատմամբ կիրառվող սանկցիաները: Այն գլոբալ խնդիրները, որ կան մեր երկրում, չեն կարող մեկ նախարարի կամ կառավարության փոփոխությամբ լուծվել: Պետք է կոնսոլիդացված աշխատել»,- ընդգծեց նա:

 

Բաբայանը նշեց նաև, որ երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից եղել է առաջարկ` Սերժ Սարգսյանին` կազմակերպել համազգային, համահայկական տնտեսական ֆորում:

 

Նրա բնորոշմամբ` սրանք այն քայլերն են, որոնք կարող են Սփյուռքին, Արցախին և ամբողջ հայությանը ներգրավել քաղաքական դաշտի առողջացման մեջ: ԲՀԿ մամուլի խոսնակի կարծիքով` պետք չէ քշել, ջարդել ու փշրել, պետք է համագործակցել:

 

Նա նշեց նաև` եթե, այնուամենայնիվ, պետք են փոփոխություններ, ապա դրանք վերաբերում են տնտեսական ռեֆորմներին: «Եթե այդ ռեֆորմները պետք է զուգորդվեն որոշակի անձերի փոփոխություններով, ինչու չէ` նաև դա է պետք անել»,- ընդգծեց պատգամավորը: