կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-15 15:10
Քաղաքական

ԲՀԿ-ն ունի մեկ կարծիք` Գագիկ Ծառուկյանի կարծիքը. ՀՀԿ-ական պատգամավոր

ԲՀԿ-ն ունի մեկ կարծիք` Գագիկ Ծառուկյանի կարծիքը. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, «լինելով նախորդ սերնդի ներկայացուցիչ», կողմ է նախագահական կառավարման մոդելին, որը ենթադրում է իշխանության կենտրոնացում, բայց, ըստ պատգամավորի, որքան ժամանակն առաջ է ընթանում, այնքան խորհրդարանական կառավարման համակարգը դառնում է ավելի դեմոկրատական, ուստի կողմնակից է սահմանադրական փոփոխություններին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Համլետ Հարությունյանը նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում ավելի է մեծանում քաղաքական կուսակցությունների դերը ԱԺ-ում, կապահովվի իշխանության թևերի միջև հավասարակշռություն, իսկ դատական իշխանությունը ավելի անկախ կգործի:

 

«Ամբողջ աշխարհն է սահմանադրական փոփոխությունների փնտրտուքի մեջ, որպեսզի ավելի օպտիմալ իշխանական համակարգ ձևավորվի, բայց մեր երկրում ընդդիմությունը ողբերգություն է սարքել այս հարցից: Սահմանադրական փոփոխությունների հարցը նախկինում բարձրացրել են այնպիսի կուսակցություններ, որոնք հիմա ամեն կերպ պայքարում են դրա դեմ»,- ասաց նա:

 

Այն դիտարկմանը, որ ընդդիմության հիմնական փաստարկն այն է, որ երկրում առկա խնդիրները կապված չեն կառավարման մոդելի հետ, Համլետ Հարությունյանը պատասխանեց, որ այդ տեսակետը չի ժխտում, որովհետև, իսկապես, նախագահական կառավարման մոդելը ևս թույլ է տալիս իրականացնել անհրաժեշտ դրական փոփոխություններ, «պարզապես խնդիրը կառավարման մոդելի ընտրության մեջ է»: «Ո՞վ ա ասում, որ հնարավոր չի դրական փոփոխությունների հասնել նախագահական կառավարման մոդելով: 20 տարի է` էդ մոդելով ապրում ենք, բայց երկրի զարգացումը ենթադրում է նաև ավելի ժամանակակից ու ժողովրդավար կառավարման մոդել»,- ասաց պատգամավորը:

 

Հարցին` արդյոք՞ չեն տարբերվում Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ կուսակցության դիրքորոշումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, Համլետ Հարությունյանը նշեց. «ԲՀԿ-ն ունի մեկ կարծիք, դա Գագիկ Ծառուկյանի կարծիքն է»:

 

Ինչ վերաբերում է առաջիկայում քառյակի հրավիրած հանրահավաքին, պատգամավորը կարծիք հայտնեց, որ եթե դա քաղաքական հանրահավաք է, ապա բնական է, որ այդտեղ պետք է հնչեն հակաիշխանական կոչեր, բնական է, որ ընդդիմադիր ուժերը պետք է անեն ամեն ինչ, որ փնովեն գործող իշխանություններին: «Այսօր մեկ կուսակցություն է իշխում, ուրեմն պետք է այդ մեկին փնովեն, պետք է ժողովրդին ասեն, որ իրենք լավն են, մենք էլ` վատը: Բայց լավ կլինի, որ փնովելուց առաջ ասեն, որ, այ, եթե մենք գանք իշխանության, էս էս բաները կանենք, բայց մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր գործիչները սահմանափակվում են` Հանրապետականին քննադատելով, ու չեն ասում, որ իրենք գան իշխանության, ինչ են անելու: Իրենք մոռացել են, որ, Հանրապետականին քննադատելով, պետք է առաջ քաշեն այնպիսի ծրագրեր, որով ապացուցեն, որ, իշխանության գալով, ինչ քայլեր են իրականացնելու»,- ասաց Համլետ Հարությունյանը: