կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-27 20:25
Առանց Կատեգորիա

Նոր մարտահրավերներ՝ ապրիլի 24-ից հետո

Նոր մարտահրավերներ՝ ապրիլի 24-ից հետո

Ապրիլի 24-ն այլևս անցյալում է: Թե Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության միջազգայնորեն լեգիտիմացման առումով ի՞նչ ազդեցություն ունեցան կազմակերպված մասշտաբային միջոցառումները, ապահովված տեղեկատվական հոսքերը, ցույց կտա ապագան: Չնայած դրան` տեղի ունեցած գործընթացները նախանշեցին որոշակի նոր, հետաքրքրական միտումներ:

 

Նախ՝ կազմակերպված միջոցառումները փլիսոփայական նոր հենքի վրա կառուցվեցին: Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշվեց ոչ այնքան որպես ցավի, ցեղասպանվածի և զոհի բարդույթի, որքան ավելի շատ վերածնվող, աշխարհին նոր հայացքով նայող, ինքնավստահություն ձեռք բերող ազգի ու կայացող պետության խորհրդի համատեքստում: Դրա բարոյական հիմքը դրվեց Ցեղասպանության զոհերի սրբադասմամբ: Անմեղ զոհերին դարձնելով հավատի նահատակներ` եկեղեցին հանեց նրանց համար սգալու, 1915թ. հետ կապված մնալու կապանքները: Սա վերաիմաստավորում է Ցեղասպանությունը: Այն սկսում է ընկալվել իբրև հայ ժողովրդի ապրելու և հզորանալու, ճակատագրական սխալները չկրկնելու կամքը մարմնավորող հիշողություն:

 

Նույն խորհրդանշականությունն  էին պարունակում նաև ինչպես Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին SOAD-ի տված համերգը, որին, չնայած հորդառատ անձրևին, հազարավոր երիտասարդներ մասնակցեցին, այնպես էլ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 43 երկրների 123 երաժիշտներից կազմված «24/04» նվագախմբի հրաշալի համերգը: Թեեւ այն նվիրված էր Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, սակայն կրում էր խիստ խորհրդանշական` «Վերածնունդ» խորագիրը:

 

Իսկ Երևանում կազմակերպված  ջահերով ավանդական երթը, Բեյրութում և Լոս Անջելեսում կազմակերպված բողոքի աննախադեպ մարդաշատ երթերը, չդադարող մարդկային հոսքը Ծիծեռնակաբերդի բարձունք ի հայտ բերեցին ոչ թե սգացող և 100 տարվա մենության մեջ խեղդվող, այլ պահանջատեր, նոր դարին համահունչ շարժվող առողջ հայկական իրականությունը, նոր սերունդը: Մնում է հավատալ, որ սա իսկապես ներքին մտածողության փոփոխության և արդիականացման արդյունք է, այլ ոչ թե զուտ Ցեղասպանության 100-րդ տարելիցով պայմանավորված՝ էմոցիոնալ հուժկու, բայց կարճատև էֆեկտ ունեցող բռնկում էր:

 

100-ամյա տարելիցը նոր թափ ու որակ հաղորդեց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչմանը, թեև դեռ փաստ չէ, որ այդ միտումները շարունակվելու են նույն ինտենսիվությամբ: Ցեղասպանությունը վերաճանաչեցին Վատիկանն ու Եվրախորհրդարանը, հայտարարությունների մակարդակով՝ ԵԽԽՎ-ն, Ավստրիայի խորհրդարանը, Գերմանիայի նախագահը, Ռուսաստանի Պետդուման եւ այլն: Ճանաչման հարցում հատկապես` Առաջին աշխարհամարտին Թուրքիայի երկու դաշնակիցների՝ Ավստրիայի և Գերմանիայի դիրքորոշումների կտրուկ փոփոխությունը ոչ միայն ի հայտ բերեց ճանաչման գործընթացի՝ բոլորովին նոր հարթություն տեղափոխված լինելու հանգամանքը, այլև փաստեց, որ թուրքական դիվանագիտության շանտաժային քաղաքականությունը կորցնում է իր ազդեցիկությունը, ինչը հղի է նաև այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման հեռանկարով: Եվ հենց այս հանգամանքն է, թերևս, ամենաշատը անհանգստացնում, խուճապի մատնում Անկարային, որն առարկայորեն արդեն տեսնում է այս հարցում իր միջազգային մեկուսացման իրատեսական հնարավորությունը:


Թուրքիային չհաջողվեց ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Անկարան, ըստ էության, սխալ հաշվարկ կատարեց, Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելու համար ապրիլի 24-ն ընտրելով, ինչով ստացավ բացարձակապես հակառակ արդյունքը. նախ՝ այդ որոշումը կայացնելով` հասկանալի դարձրեց դրա իրական նպատակները, մանավանդ, որ դրանով առիթ տվեց Երևանին միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այդ որոշմամբ իր ժխտողական քաղաքականությունից չհրաժարվելու, հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերվող ցավի կեղծավորության և թուրքական ցինիզմի վրա: Թեեւ Էրդողանին հաջողվեց այդ միջոցառումներին մոտ 20 երկրի ղեկավարի մասնակցություն ապահովել, սակայն նրա հետ չէին միջազգային քաղաքականության մեջ եղանակ ստեղծողները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, բացառությամբ, թերևս, Մեծ Բրիտանիայի: Ապրիլի 24-ից հետո կարող ենք արձանագրել Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման հարցում թուրքական դիվանագիտության կրած խոշոր պարտությունը, որում հսկայական նշանակություն ունեցան Հռոմի պապի կողմից Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագը և դրա ընթացքում արված բարոյական նշաձողերի սահմանման իմաստով շրջադարձային, դեռ երկար ժամանակ ուղղորդիչ նշանակություն ունեցող հայտարարությունները:

 

Սակայն Ցեղասպանության գործընթացներն ի հայտ բերեցին նաև խնդիրներ, որոնք հնարավոր չի լինելու շրջանցել: Նախ՝ այլևս օրախնդիր է դառնում Բելառուսի և Ղազախստանի հետ հարաբերությունները վերանայելու հարցը: Չնայած ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում «գործակցությանը»՝ այդ երկրներից պատվիրակություն չէր եկել: Եվ դա այն դեպքում, երբ Բելառուսի նախագահն այդ օրը որոշել էր լինել «քթներիս տակ»՝ Վրաստանում, իսկ Ղազախստանում անցկացվող նախագահական ընտրությունները, որոնցով Նազարբաևը պատճառաբանել էր Երևան պատվիրակություն չուղարկելու հանգամանքը, չէր խանգարել, որ Աստանան պատվիրակություն ապահովի Չանաքքալեի միջոցառումներին:


Երկրորդ՝ մինչև հիմա ողջ հայ ժողովուրդն ապրում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցով: Ի՞նչ է լինելու սրանից հետո, առայժմ մեծ հաշվով հասկանալի չէ: Ամենամեծ վտանգն այն է, որ ճանաչման այս գործընթացը կարող է կանգ առնել: 100-րդ տարելիցն իր մեջ բարոյական պարտավորեցման խթան  էր պարունակում, որն ապրիլի 24-ից հետո վերանում է: Չի բացառվում, որ միջազգային հանրությունը համարի, թե կատարել է հայ ժողովրդի առաջ ստանձնած  «պարտականությունը»: Եվ ԱՄՆ նախագահի կողմից հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն չորակելն առաջին հերթին հենց այս տեսանկյունից է խնդրահարույց:


 Երրորդ՝ թվում է, թե այս խնդիրը լուծելու ճանապարհը ճանաչումը պահանջատիրության գործընթացի փոխակերպելն է: Բայց դա հնարավոր չի լինելու առանց պահանջների, դրանց բավարարման մեխանիզմների, շրջանակների և պահանջատեր սուբյեկտների հստակեցման:


Այս թնջուկը գնալով դառնում է ավելի ու ավելի արդիական: 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագրում դրվում է առաջիկայում Ցեղասպանության հետևանքների վերացման թղթածրար պատրաստելու խնդիրը: Բայց դրա գոնե մոտավոր ժամկետները, մեխանիզմները չեն նախանշվում: Մինչդեռ այս հարցերում հստակեցումների հապաղումը սկսելու է սխալ ընկալվել աշխարհում: Այն իր մեջ նաև Հայաստանի և Սփյուռքի ներքին լարման, բևեռացման վտանգ է պարունակում:

 

Գևորգ Դարբինյան