կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-14 16:52
Տնտեսական

Դեռ հայտնի չէ, թե ''Հազարամյակի մարտահրավերներ''-ը Հայաստանին ինչ կհատկացնի

Դեռ հայտնի չէ, թե ''Հազարամյակի մարտահրավերներ''-ը Հայաստանին ինչ կհատկացնի

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին, ասել է, որ Հայաստանը կդիմի «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա»՝ ֆինանսավորում ստանալու համար, սակայն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը ստանալու է այն, քանի որ դիմող երկրների թիվը շատ է: Նա նշեց, որ Հայաստանը չէր կարող «Հազարամյակի մարտահրավներերից» որևէ ծրագիր ակնկալել, որովհետև այնտեղ կան չափանիշներ, որոնց Հայաստանը չէր բավարարում, օրինակ` ժողովրդավարության հետ կապված գնահատականներ, կոռուպցիայի ինդեքսներ, թափանցիկություն և այլն:

 

Նախարարի խոսքով` ընդամենը մեկ շաբաթ առաջ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը հրապարակել է նոր ցուցանիշներ, որոնց համաձայն՝ Հայաստանը բոլոր հիմնական չափանիշենորվ արդեն բավարարում է պահանջներին: «Սա նշանակում է, որ մենք արդեն ստանում ենք իրավունք դիմելու: Կախված շատ ու շատ հարցերից այդ հարցը կարող է և' դրական լուծվել, և' բացասական լուծվել»,- ընդգծեց նա:

 

Միաժամանակ, Դավիթ Սարգսյանը նշեց, որ կոռուպցիայի գծով բարելավումն ամենագոհացնողը չէ, և կառավարությունը չի կարող համարել, որ հասել է իր ուզած ցուցանիշին:

 

Նոր հայտով Հայաստանի կառավարությունը դարձյալ ֆինանսավորում կխնդրի ենթակառուցվածքների արդիականացման համար:

 

Հիշեցնենք, որ նախկին ֆինանսավորումը, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան դադարեցրել էր, ուղղված էր ճանապարհաշինությանը: