կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-23 12:19
Քաղաքական

Հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Կահիրեից Հայաստան ժամանած` մասնագիտությամբ ատամնաբույժ Սուրեն Բայրամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն տասը տարի է, ինչ ապրիլի 24-ին ինքը ժամանում է Հայաստան և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերում հին գրավաճառներից ձեռք բերված նյութեր, որոնք Հայոց ցեղասպանության մասին են:

 

Բայրամյանը համոզմունք հայտնեց, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան կառերեսվի իր պատմության հետ և կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Այս աշխատանքները, որոնք հայության կողմից տարվել են տարիներ շարունակ, 100-րդ տարելիցին հասան գագաթնակետին: Հուսամ, որ առաջացած այս հուժկու ալիքը, արդեն ընդհանուր դարձած ապրումները, մեր սփյուռքահայության` քնից արթնանալը լավագույն առիթն են աշխարհին ևս մեկ անգամ մեր պատմությունն ի ցույց դնելու և հետևանքների մասին բարձրաձայնելու: Բոլորը, ձեռք ձեռքի տված, պետք է գործեն այս նպատակին հասնելու համար: Պետք է դավաճանին, ջարդարար թուրքին պարտադրենք, որ ընդունի Ցեղասպանությունը և հետագայում` առաջին իսկ առիթին, հատուցումը կատարի»,- ասաց նա:

 

Բայրամյանը նշեց, որ Թուրքիան շատ մոտ ապագայում հնարավոր է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ բոլոր կողմերից շատանում են ճնշումներն այդ երկրի վրա: «Սրանից 25 տարի առաջ էլ հնարավոր չէր նույնիսկ պատկերացնել, որ Հայաստանը սովետական շարքերից դուրս կգա: Բայց մի գեղեցիկ օր արթնացանք և տեղեկացանք, որ Հայաստանն արդեն ազատ ու անկախ է»,- ընդգծեց կահիրեաբնակ մեր հայրենակիցը:

 

Նա խոսեց նաև ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին և կարևորեց այն հանգամանքը, որ դեռևս վաղ անցյալում` Օբամայից կառավարումից շատ առաջ են ամերիկացիները ճանաչել մեր ցեղասպանությունը: «Մինչև Օբամայի ընտրվելը, դեռևս Ռուզվելտից սկսած, ԱՄՆ-ը պատմական գրություններով, փաստաթղթերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Բայրամյանը:

 

Անդրադառնալով Գերմանիայի այն քայլերին, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև Եվրախորհրդարանի ընդունած բանաձին, նշեց. «Իսկ ի՞նչ է ասում Եվրախորհրդարանը, Էրդողանը ի՞նչ ասաց այդ կապակցությամբ: Նա ասաց, որ այդ խոսքերն իր մի ականջից մտնում են, մյուսից` դուրս գալիս: Շատ լավ է, որ Եվրոպան ևս հայանպաստ գործողություններ է անում, բայց չպետք է մոռանանք, որ մենք մեր հույսն ավելի շատ մեզ վրա պետք է դնենք: Պետք է այնպես անենք, որ Էրդողանի մի ականջն ամուր փակենք, որ այդտեղից ոչինչ դուրս չգա: Եթե Թուրքիան չընդունի իր մեղքը, պետք է արդեն պարտադրվի: Արդեն ակնհայտ է դարձել այն պարզ իրողությունը, որ Թուրքիայի ներսում ևս ներքին խլրտումներ կան: Թուրք մտավորականության շարք կա, մանավանդ` Հրանտ Դինքի այդ ոճրից հետո, որոնք շարունակ բղավում են` գիտակցում են պատմական իրողությունն ու տեղի ունեցած հանցագործության հետ առերեսվում են»,- նշեց մեր հայրենակիցը:

 

Նա համոզմունք հայտնեց, որ մեր սերունդները ոչ հեռու ապագայում ականատես կլինեն նրան, որ Թուրքիան կառերեսվի իր պատմության հետ և կճանաչի Հայոց ցեղասպանությունը: