կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 11:31
Քաղաքական

Լավատես ենք, որ առաջիկայում Իտալիայի կառավարությունը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Լավատես ենք, որ առաջիկայում Իտալիայի կառավարությունը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում միջազգային հնչեղություն տալ Հայոց ցեղասպանությանը։ Այս բանաձևը որոշ շփոթմունքի առարկա էր դարձել, քանի որ 2000թ. Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ տարակարծություններին և որոշ մանրամասներ ներկայացրեց բանաձևից:

«Իտալիայի խորհրդարանը, այո´, 2000թ. Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է: Մենք առ այսօր Իտալիան ներկայացնում էինք Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների շարքում, երեկվա բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև չէր ուղղակի, երեկվա բանաձևի ամենակարևոր նպատակն այն է, որ Իտալիայի խորհրդարանը կառավարությանը կոչ էր անում՝ կառավարությունը ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարող ենք նաև այս մեկը ներկայացնել իբրև Ցեղասպանության դե ֆակտո ճանաչման վերահաստատում, բայց ամենակարևոր կետը բանաձևում այն էր, որ խորհրդարանը Կառավարությանը կոչ է ուղղում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչի և այդ մասին բարձրաձայնի միջազգային առումով: Նաև կարևոր կետ կա բանաձևի մեջ, որ Թուրքիային է ուղղված, պահանջվում է Թուրքիայից՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանության իրողությունը»,- ասաց նա:

Շիրինյանը հայտնեց, որ նախաձեռնությունը եկել է Իտալիայի ամենամեծ կուսակցությունների պատգամավորներից՝ թե´ ընդդիմադիր, թե´ իշխանամետ:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատուն նշեց՝ հիմքեր կան կարծելու, որ կառավարությունը պետք է ընդունի այս կոչը, քանի որ հենց իշխող կուսակցությունից է այս նախաձեռնությունը գալիս, պատգամավորների բացահայտ մեծամասնությունը կողմ քվեարկեց, այսինքն՝ սա միասնական կոչ է խորհրդարանից կառավարությանը:

«Առաջին անգամ չէ, որ խորհրդարանը կառավարությանը նման կոչով է դիմում, սակայն այս անգամ նրանով է տարբեր, որ իշխանության կուսակցությունները դիմեցին և առաջարկեցին բանաձևը: Քվեարկության արդյունքը հստակ է, և դա մեծ ճնշում կարող է գործադրել, որ այս անգամ կառավարությունն ընդունի:

Ավելացնեմ նաև, քանի որ իշխանության կուսակցությունները նախաձեռնեցին, դա կարող է լավ նշաններ փոխանցել, որ կառավարությունը պիտի ընդունի, մանավանդ որ հաշվի առնենք իշխող կուսակցության ղեկավար Սալվինիի վերաբերմունքը ընդհանրապես Թուրքիայի և Էրդողանի հանդեպ, այսինքն՝ մենք հաջորդ շաբաթներին կամ ամիսներին կարծում ենք և լավատես ենք, որ Իտալիայի կառավարությունը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա: