կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-04 20:02
Առանց Կատեգորիա

Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը

Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, վաղը քննարկման և քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագիծը, որը շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2015թ. հուլիսից: 2016թ. մայիսին, Կնեսետի նախագահի նախաձեռնությամբ, նախագծի քվեարկությունը հետաձգվել էր մինչև հուլիսի 5-ը: Բանաձևի նախագիծը հեղինակել և շրջանառության մեջ են դրել  «Մերեց» կուսակցության պատգամավորները, որոնք խնդիր են դրել` ցանկացած պարագայում հասնել դրա ընդունմանը կամ առնվազն` Կնեսետում դրա քվեարկությանը: Սա թույլ է տալիս ենթադրել, որ քվեարկությունն ամեն դեպքում տեղի կունենա: Թե ի՞նչ արդյունք կլինի, միանշանակ դժվար է ասել: Սակայն փաստ է, որ բանաձևի քվեարկության համար ներկա հանգրվանն ամենահարմարը չէ, եթե չասենք՝ վատագույնն է:

Խնդիրն այն է, որ հունիսի 26-ին, այսինքն` քվեարկությունից 10 օր առաջ, Իսրայելն ու Թուրքիան ստորագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիր, որի շուրջ բանակցություններն սկսվել էին դեռևս մեկ տարի առաջ: Այդ համաձայնագրով` Իսրայելը պարտավորվել է մոտ 20 մլն դոլար տրամադրել 2010թ. «Ազատության նավատորմ»-ի դեմ իսրայելական զինուժի իրականացրած օպերացիայի հետևանքով զոհված` Թուրքիայի քաղաքացիների հարազատներին՝ որպես վնասի փոխհատուցում, որի դիմաց Անկարան պարտավորվում է հանել այդ օպերացիայի մասնակից իսրայելցի զինծառայողների հանդեպ բոլոր պահանջները: Բացի դրանից՝ Թուրքիան հնարավորություն է ստանում հումանիտար օգնություն տրամադրելու Գազայի հատվածի բնակչությանը, այնտեղ քաղաքացիական նշանակության օբյեկտներ կառուցելու, սակայն այն պայմանով որ դա չի նշանակելու Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի կողմից կիրառվող շրջափակման հանում: Նախատեսվում է, որ առաջիկայում համաձայնագիրը կներկայացվի երկու երկրների խորհրդարանների վավերացմանը, ինչից հետո կողմերը կփոխանակեն դեսպանների:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական այս կոնֆլիկտն սկսվել էր 2010թ. մայիսի 31-ին դեպի Գազայի հատված  հումանիտար օգնություն տրամադրելու անվան ներքո թուրքական խիստ պրովոկացիոն` «Ազատության նավատորմիղ» անվանումը կրող՝ 6 նավից բաղկացած շարասյան կողմից Գազայի իսրայելական բլոկադան ճեղքելու փորձով, որին Իսլայելը պատասխանեց նավատորմիղը կալանելուն ուղղված հատուկ օպերացիայի կազմակերպմամբ: Նավերից մեկի վրա տեղի ուենցած փոխհրաձգության հետևանքով սպանվեց 9 և վիրավորվեց 30 թուրք ակտիվիստ: Վիրավորներ ունեցավ նաև իսրայելական կողմը: Դրանից հետո երկու երկրների միջև հարաբերությունները ծայրահեղ լարվեցին՝ ընդհուպ դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը: Դա հանգեցրեց նրան, որ մինչ այդ Հայոց ցեղասպանության թեման իր համար փակ համարող Իսրայելում` հասարակական-քաղաքական մակարդակում, սկսվեցին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախաձեռնություններ:

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը լիովին տեղավորվում է նախորդ ամիս Թուրքիայում կառավարության փոփոխությունից հետո սկսված արտաքին նոր քաղաքականության տրամաբանության մեջ: Դրա էությունը մինչ այդ կատարելապես ձախողված «Զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարության վերակենդանացումն է, որի ամենանշանակալի արդյունքը պետք է համարել, ընդհուպ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական հեղինակության զոհաբերման գնով, Ռուսաստանի հետ խաթարված հարաբերությունների վերականգնմանը գնալը: Նախօրեին Էրդողանը գոհունակությամբ հայտարարել է, որ Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը հուսալի է:

Եթե նկատի ունենանք, թե ստորագրված թուրք-իսրայելական համաձայնագրով ինչպիսի էական զիջումների է գնում պաշտոնական Թել Ավիվը, պարզ է դառնում, որ իսրայելական կողմը պակաս շահագրգռված չէ Անկարայի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման հարցում: Այս համաձայնագիրն է իրականում արտացոլում, Թուրքիայի հետ կապված, Իսրայելի պետական քաղաքականությունը, հետևաբար` որևէ կասկած չկա, որ այդ երկրի կառավարությունն ամեն ինչ կանի Հայոց ցեղասպանության բանաձևի նախագիծը տապալելու համար, եթե այն դրվի քվեարկության: Առավել ևս, երբ Իսրայելը պետական մակարդակով, անգամ` Թուրքիայի հետ հարաբերությունների ամենաանկումային շրջանում, մշտապես այս հարցում հանդես է բերել խիստ զգուշավորություն: Հետևաբար` եթե նախագծի հեղինակներն իսկապես շարունակելու են պնդել, որպեսզի բանաձևը դրվի քվեարկության, ապա, ամենայն հավանականությամբ, այն ուղղակի չի անցնի՝ վերջնականապես դուրս գալով շրջանառությունից:

Չի կարելի բացառել, սակայն, որ, հաշվի առնելով ստեղծված նոր իրավիճակը, հեղինակներն իրենք հանդես գան նախագծի քվեարկությունը նորից հետաձգելու նախաձեռությամբ: Դա ձեռնտու տարբերակ է նաև կառավարության համար, որն այդպիսով հնարավորություն կունենա ձեռք տակ պահելու Ցեղասպանության ճանաչման «խաղաքարտը»՝ հաշվի առնելով, որ համաձայնագիրը դեռ վավերացված չէ, և այդ ընթացքում անկանխատեսելի քաղաքականություն վարող Անկարայից կարելի է սպասել ցանկացած անակնկալ շրջադարձ: Դեռ 2010թ. այս ուղղությամբ արվող հայտարարություններից էր պարզ, որ Իսրայելն ավելի շատ շահարկում ու շահագործում է Հայկական հարցը՝ առանց դրան ընթացք տալու իրական տրամադրվածության, մանավանդ` եթե նկատի առնենք, թե որքան ամուր և տիրապետող է Հոլոքոստի եզակիության կարծրատիպը հրեաների մտածողության և ազգային գաղափարաբանության հիմքում:

Գևորգ Դարբինյան