կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 16:00
Առանց Կատեգորիա

Այս տեմպերով Թուրքիան որոշ ժամանակ անց կճանաչի Ցեղասպանությունը

Այս տեմպերով Թուրքիան որոշ ժամանակ անց կճանաչի Ցեղասպանությունը

Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած` այդ երկրի կառավարության հերթական նիստից հետո Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է. «Մենք միտումնավոր եւ ցանկանալով ցեղասպանություն չենք իրագործել»: Հիշեցնենք, որ ընդամենը երեկ Արընչի անմիջական շեֆը` վարչապետ Դավութօղլուն, հանդես եկավ ընդարձակ ուղերձով, որում Թուրքիայի անունից ներողություն խնդրեց «Օսմանյան կայսրության հայերի թոռներից»:

 

Հասկանալի է, որ Արընչի ասածը մի քայլ առաջ է` դեպի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը, եւ հստակ նշանակում է, որ «եթե անգամ մենք ցեղասպանություն ենք իրագործել, այսինքն` գուցե դա ցեղասպանություն էր, բայց մենք չէինք ցանկանում»:

 

Զուտ իրավական տեսանկյունից, սակայն, Արընչը ակնարկում է ՄԱԿ-ի` Ցեղասպանության կոնվենցիան, ավելի ճիշտ դրա ընդունման թվականը, որից, ինչպես հիշում ենք, շատ առաջ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը, այսինքն` մի ժամանակահատվածում, երբ աշխարհը չգիտեր, թե ցեղասպանությունն ինչ է: Հետեւաբար, Արընչը երիցս իրավացի է, քանի որ, եթե անգամ թուրքերը կոտորել են հայերին, եթե անգամ նրանք ձգտել են բնաջնջել մեզ, նրանք չգիտեին, որ դա ցեղասպանություն է, որովհետեւ նրանք այդ ժամանակ չգիտեին «ցեղասպանություն» բառը:

 

Բյուլենթ Արընչին տեղեկացնենք, որ երբ Կայենը սպանում էր Աբելին, գործելով աշխարհում առաջին մարդասպանությունը, հետեւաբար` առաջացնելով այդ բառը, դա նրան չազատեց «մարդասպան» պիտակից, բայց սա` իմիջիայլոց:

 

Թուրքիայի փոխվարչապետի հայտարարության հաջորդ հատվածը եւս հստակ մեսիջ է պարունակում: Մասնավորաբար` Արընչը, կրկնելով, որ իրենք մտածված եւ ցանկանալով չեն իրագործել ցեղասպանություն, ինչպես նաեւ շեշտելով, որ «ցեղասպանության ճանաչումն այս կամ այն երկրի կողմից, անշուշտ, թողնում է հոգեբանական ազդեցություն», հասկանալի է` իրենց` Թուրքիայի վրա, հայտարարել է, թե «ցեղասպան պետությունները հայտնի են»:

 

Այսօր աշխարհում հայտնի ցեղասպան պետություններից մեկը Գերմանիան է /ֆաշիստական/, եւ «բոլորովին պատահաբար» գերմանական Բունդեսթագը մոտ օրերս պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, եւ եթե Գերմանիան շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման համաեվրոպական միտումը, ապա Բունդեսթագը կճանաչի Ցեղասպանությունը:

 

Հետեւաբար, Թուրքիայի փոխվարչապետը, շեշտելով, որ ցեղասպանության ճանաչումը հոգեբանական ազդեցություն է թողնում, հոգեբանորեն ազդում է նաեւ Գերմանիայի վրա, թե` այդ դուք չէ, որ իրավունք ունեք խոսելու ուրիշների գործած ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել առանց ցանկանալու եւ մտածելու, որովհետեւ դուք` ինքներդ, ամբողջ աշխարհին հայտնի ցեղասպան պետություն եք:

 

Բայց երկու կոպիտ սխալ Արընչն իր խոսքում թույլ տվել է: Նախ, ի գիտություն Թուրքիայի փոխվարչապետի, ամեն տարվա ապրիլի 24-ին ոչ միայն հայկական Սփյուռքն է նշում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը, այլեւ Հայաստանի Հանրապետությունը, ավելին` աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները` եւս:

 

Եվ երկրորդ`թեեւ մեծ հաշվով սա վերապահումով է սխալ. Արընչի խոսքերից հետեւում է, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան կասի` այո, դա ցեղասպանություն էր: Համենայն դեպս` թուրքական պետության ամեն հաջորդ հայտարարություն ավելի եւ ավելի է մոտեցնում այդ պահը, հատուցման պահը:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ