կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-24 13:28
Աշխարհ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ Մարսելում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝  Մարսելում

Մարտի 19-ին Մարսելի պատմության թանգարանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, բացվել է «100 աքսորի դիմանկար. հայ փախստականների ինքնության բացահայտումը» ցուցահանդեսը` Մարսելի A.R.A.M (Հայկական հիշողության հետազոտման և արխիվացման) կազմակերպության և Մարսելի քաղաքապետարանի համագործակցությամբ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, պատմության թանգարանի տնօրեն Լորան Վեդրինը, A.R.A.M կազմակերպության նախագահ Ժակ Ուլուսյանը, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների և հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

 

Ցուցահանդեսում ներկայացվել են Մարսել ժամանած` Ցեղասպանությունից փրկվածների լուսանկարներ, մեծ թվով անձնագրերի, ծննդյան, ամուսնության, փախստականի, Ֆրանսիայի հարավի հայկական պատրիարքարանի կողմից տրված մկրտության վկայականների բնօրինակներ, ինչպես նաև բազմաթիվ արժեքավոր այլ փաստաթղթեր:

 

A.R.A.M կազմակերպության նախագահ Ժակ Ուլուսյանն իր ելույթում նշել է, որ երբ 1915-1917թթ. երիտթուրքերի կառավարության կողմից իրականացվել է 1.5 միլիոն հայերի ցեղասպանություն, մի կերպ մազապուրծ եղած հայերը բնակություն են հաստատել Մարսելում և կարողացել ամբողջապես ներգրավվել, ինտեգրվել քաղաքի կյանքին, նպաստել տնտեսական զարգացմանը: Դրա վառ ապացույցն է ցուցահանդեսում ներկայացված լուրջ, երբեմն սարսափած, բայց արժանապատիվ դեմքերով մարդկանց լուսանկարները: Եվ այսօր նրանց ժառանգները դարձել են Մարսելի լիիրավ, արժանապատիվ քաղաքացիներ:

 

Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենն իր խոսքում շեշտել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելահայության համար:

 

2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և ամբողջ տարվա ընթացքում կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ միջոցառումներ: Նա կարևորել է, որ Ֆրանսիան պետք է ընդունի օրենք, որը թույլ կտա պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը:

 

Ֆրանսիական «France 24» հեռուստաալիքը լուսաբանել է ցուցահանդեսի բացումը, իսկ «La Provence» օրաթերթի հաջորդ օրվա համարում «Ցեղասպանությունից փրկված 100 դիմանկարները պատմում են հայկական աքսորի մասին» վերնագրով լայնածավալ հոդված է տպագրվել:

 

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 26-ը: