Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Armeniangenocide100-ը գրում է.
«Փետրվարի 19-ին Հռոմի Ջոն Քեբոտի անվան ամերիկյան համալսարանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կոնֆերանս՝ «Հիշելով և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը. 1915-2015» խորագրով:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը, կոնֆերանսը կազմակերպել էին Ջոն Քեբոտ համալսարանը և Հռոմի ու Լացիոյի հայկական համայնքը:
Ներկա էին Ջոն Քեբոտ համալսարանի նախագահ Ֆրանկո Պավոնչելլոն, համալսարանի ուսանողներ և դասախոսներ, իտալական հասարակական շրջանակների, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի բանախոսներն էին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Ջոն Քեբոտ համալսարանի դասախոս պրոֆեսոր Զարա Պողոսյանը, Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն պատմաբան Արա Սարաֆյանը:
Կոնֆերանսի բացման խոսքով հանդես է եկել Ֆրանկո Պավոնչելլոն: Նա իր խոսքում կարևորել է Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականության դեմ պայքարը՝ նշելով, որ համալսարանի կողմից կոնֆերանսի կազմակերպումը մի կողմից հիշատակի տուրք է Մեծ եղեռնի զոհերին, իսկ մյուս կողմից ժխտողականության դեմ պայքարի խորհուրդ է պարունակում:
Նախքան իր ելույթը պրոֆեսոր Զարա Պողոսյանը ընթերցել է Ստամբուլի Սաբանչի համալսարանի դասախոս պրոֆեսոր Այշե Գյուլ Ալթինայի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում էր՝ «Թող որ մենք Թուրքիայում խիզախություն և ուժ ունենանք առերեսվելու հայերի ցեղասպանության հետ՝ մարդկության դեմ մի սարսափելի ոճրագործության, ինչպես նաև կյանքի, սիրո և հույսի ահռելի կորստի հետ: Թող այս 100-ամյա տարելիցը մեզ բոլորիս միավորի աշխատելու հանուն արդարության և բոլորի համար խաղաղ ապագայի»:
Պրոֆեսոր Զարա Պողոսյանը ներկայացրել է այն հետևանքները, որ ցեղասպանությունն ունեցավ հայ ժողովրդի հետագա ճակատագրի, ինչպես նաև, որպես չպատժված ոճրագործություն, այլ ցեղասպանությունների նախաձեռնման և իրականացման վրա:
Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը խոսել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքական և հասարակական, անկախ պատմագիտական շրջանակներում նկատվող դրական փոփոխությունների մասին, որոնք հույս են ներշնչում, որ Թուրքիան վերջիվերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Իր ելույթում դեսպան Սարգիս Ղազարյանը գոհունակություն է հայտնել, որ դահլիճում ներկա են մեծ թվով ուսանողներ՝ նկատելով, որ ցեղասպանությունների մասին երիտասարդ սերնդի կրթումն ու տեղեկացվածությունը շատ կարևոր են հետագա ցեղասպանությունների կանխարգելման համար: Այդ առումով նա կարևորել է ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարը: Դեսպանը հատուկ անդրադարձ է կատարել Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությանը և ներկայացրել միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության կատարած աշխատանքները»: