Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 20-ին Լիբանանի «Notre Dame» համալսարանի ղեկավարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի համատեղ ջանքերով ու Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացել է համաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին.տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Համաժողովին, որն ուղիղ եթերով հեռարձակվել է լիբանանյան «OTV» հեռուստաալիքով, ներկա են եղել նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, ուսանողներ:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում համալսարանի դոկտոր Նատա Սաատ Սապերը նշել է, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ու չնայած պատմական անժխտելի փաստերին ու վկայություններին` Թուրքիան շարունակում է ուրանալ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խտըշյանը հակիրճ ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը: Նա ընդգծել է, որ այդ հանդիսությունը միայն նահատակների հիշատակի համար չէ, այլ՝ հաղթանակի տոնախմբություն, մեր ազգի ուժի ու ապրելու կամքի արտահայտություն: Բանախոսը, եզրափակելով իր խոսքը, նշել է, որ հայ ժողովուրդը պետք է շարունակի վերականգնել արդարությունն ու ճշմարտությունը` ստեղծագործելով և փոխանցելով իր հարուստ պատմությունն աշխարհին:
Համալսարանի փոխնախագահ Սուհել Մաթարն անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանն ու Հայոց ցեղասպանությանը` խոսելով Օսմանյան կայսրությունում իրականացված ջարդերի մասին և հիշատակելով երիտթուրքերի, ապա Աթաթուրքի վարած քաղաքականությունը: Դոկտոր Մաթարն իր ելույթը եզրափակել է հետևյալ խոսքերով. «100-րդ տարելիցը թող նոր դուռ բացի հայ ազգի համար՝ դեպի խաղաղություն և արդարություն»:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում անդրադարձել է հայ ժողովրդի հարուստ մշակույթին ու պատմությանը, մի ժողովրդի, որը կրելով բազմաթիվ զրկանքներ և կորուստներ` միշտ պայքարել է հանուն լեզվի, կրոնի և արժեքների պահպանման: Դեսպանը ներկայացրել է մանրամասներ մեծ պատմական արժեք ներկայացնող հայկական խաչքարերի պատմության, ինչպես նաև հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների հանդեպ Օսմանյան կայսրությունում և Ադրբեջանի տարածքում իրականացված մշակութային ցեղասպանության փաստերի վերաբերյալ: Նա կարևորել է Համահայկական հռչակագրի ընդունումը, ինչը հայ ժողովրդի միասնության և համախմբվածության արդյունք է: Դեսպանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը, անցնելով վերածնվելու և ազատագրվելու հերոսական ու փառահեղ ուղին, նշում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ: Եզրափակելով իր խոսքը` դեսպանը շեշտել է, որ հայ ժողովուրդը շարունակելու է պայքարը պատմական արդարության վերականգման, համաշխարհային ճանաչման, դատապարտման և Ցեղասպանության բոլոր հետևանքների վերացման ուղղությամբ:
Պաշտոնական ելույթներից հետո միջոցառման մասնակիցները համալսարանի բակում ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի տեղադրման արարողությանը:
Բարերար, խաչքարի տեղադրման նախաձեռնող Սարգիս Բուդաքյանը, շեշտել է, որ հայրենիքի նկատմամբ սերն ու հավատարմությունն է, որ համախմբել է ձեռնարկի բոլոր մասնակիցներին: Նա նշել է, որ խաչքարը երախտագիտության հավաստիք է հայերի կողմից Լիբանանի ժողովուրդի նկատմամբ, որը գրկաբաց ընդունել է և ձեռք մեկնել գաղթական հայորդիներին: