Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 20-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքի Հայկական նրբանցքում գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս կաթոլիկ եկեղեցու շրջակայքում տեղակայված հայկական խաչքարի մոտ Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսևիչի կողմից հոգեհանգստի կարգ է մատուցվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, որից հետո տեղի է ունեցել մոմավառություն ու ծաղկեպսակների զետեղման արարողություն. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Գդանսկի քաղաքային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդի ուղեկցությամբ դեսպան Ղազարյանը շրջայց է կատարել Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու տարածքում, ծանոթացել եկեղեցու վերանորոգման ծրագրին և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
Նույն օրը Գդանսկի պատմության թանգարանում մեկնարկել է Լեհաստանում բնակվող ճանաչված հայ նկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով նկարների ցուցահանդեսների շարքը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսն իրականացվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության և Գդանսկի քաղաքապետարանի հովանու ներքո:
Միջոցառմանը ներկա են եղել դեսպան Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիևիչը, Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսևիչը, Գդանսկի քաղաքապետարանի, Գդանսկում և հարակից բնակավայրերում ապրող հայ համայնքի, հասարակական կազմակերպությունների, մշակութային հիմնադրամների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ցուցահանդեսում ներկայացված 100 նկարները խորհրդանշել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ պատկերված ծաղիկների ջրվեժը՝ հայ ժողովրդի վերածնունդը: «Ծաղիկների ջրվեժ» խորագրով թվով 10 ցուցահանդեսներ կազմակերպվելու են նաև ինչպես Լեհաստանի, այնպես էլ Եվրոպայի մի շարք քաղաքներում և ավարտվելու են Հայաստանում:
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով ելույթ է ունեցել դեսպան Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը և Գդանսկի պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիևիչ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել Գագիկ Պարսամյանին՝ հրաշալի և նրբագեղ նկարների, հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման գործում ցուցաբերած իր հոգատարության և գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար: